Տուրիզմի համաշխարհային օրվա առթիվ Երևան ժամանող հյուրերը նվերներ են ստացել - RadioVan.fm

Онлайн

Տուրիզմի համաշխարհային օրվա առթիվ Երևան ժամանող հյուրերը նվերներ են ստացել

2017-09-27 17:46 , Общество, 1132

Տուրիզմի համաշխարհային օրվա առթիվ Երևան ժամանող հյուրերը նվերներ են ստացել

Տուրիզմի համաշխարհային օրվա առթիվ Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի նախաձեռնությամբ այսօր վաղ առավոտից «Զվարթնոց» օդանավակայանում մայրաքաղաք ժամանող հյուրերին անակնկալ խորհրդանշական նվերներ է մատուցվել: Քաղաքապետարանաից հայտնում են, որ զբոսաշրջիկներին տրվել են Երևանի պաշտոնական ուղեգրքեր, «Երևան Սիթի Տուր» քաղաքային պաշտոնական երթուղու և Երևանի պատմության թանգարանի անվճար տոմսեր, մայրաքաղաքի քարտեզներ, զբոսաշրջային վայրերից օգտվելու զեղչի հավաստագրեր և այլն:


«Նմանատիպ միջոցառումներն ընդգծում են մեր քաղաքի հյուրընկալությունը և ջերմություն են փոխանցում մայրաքաղաքի հյուրերին: Ակցիան նպատակ ունի զբոսաշրջիկներին հենց օդանավակայանից ուղղորդել մայրաքաղաքի առավել հետաքրքրաշարժ զբոսաշրջային վայրեր և իրազեկել մշակութային հաստատությունների, հուշարձանների, ինչպես նաև քաղաքում գործող առավել գրավիչ ծառայությունների մասին», - նշել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը:


Քաղաքապետարանից նշում են, որ նախաձեռնությունն իրականացվել է Երևանի քաղաքապետարան - մասնավոր հատված համագործակցությամբ: Նախաձեռնությանն աջակցել են «Երևան քարտ», «Արմենիա Փաս» կազմակերպությունները, «Տուրինֆո» զբոսաշրջային ամսագիրը:


Հավելենք նաև, որ Տուրիզմի համաշխարհային օրվա առթիվ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդես է եկել շնորհավորական ուղերձով, որում նշված է.

«Ժամանակակից աշխարհում զբոսաշրջությունը քաղաքային տնտեսության զարգացման կարևոր բաղադրիչներից մեկն է, և ուրախալի է, որ տարեցտարի Երևանն ավելի ճանաչված, սիրված ու նախընտրելի ուղղություն է դառնում միջազգային հարթակներում, ինչի մասին է վկայում նաև Երևան այցելող զբոսաշրջիկների թվի աճը: Այս ոլորտում վերջին տարիներին գրանցված հաջողությունների շարքում առանձնակի ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ Հայաստանի մայրաքաղաքը միաժամանակ հայտնվեց հեղինակավոր մի քանի վարկանիշային աղյուսակներում՝ գերազանցելով տարածաշրջանային և եվրոպական զարգացած մի շարք քաղաքների, այդպիսով նաև գրավելով միջազգային հանրության, զբոսաշրջիկների և ներդրողների ուշադրությունը:

Սրանք, անշուշտ, կարևոր ձեռքբերումներ են, որոնց կայուն պահպանման և զբոսաշրջային հոսքերի ավելացման ու ոլորտի զարգացման նպատակով մենք շարունակելու ենք զարգացնել համապատասխան ենթակառուցվածքներն ու անել առավելագույնը, որպեսզի Երևանը դարձնենք էլ ավելի հարմարավետ, գեղեցիկ ու գրավիչ:

Մյուս տարի մենք նշելու ենք համայն հայության մայրաքաղաք Երևանի հիմնադրման 2800-ամյակը, ինչը լավ առիթ է մեր սիրելի քաղաքն իր ողջ հմայքով ու առավելություններով աշխարհին պատշաճ ներկայացնելու համար: Վստա՛հ եմ, որ մեր համատեղ աշխատանքի և արդյունավետ փոխգործակցության արդյունքում մենք կարո՛ղ ենք արժանիորեն ներկայանալ աշխարհին՝ գրանցելով նորանոր հաջողություններ մայրաքաղաքի զբոսաշրջային գրավչության բարձրացման և ոլորտի զարգացման ուղղությամբ:

Մեկ անգամ ևս շնորհավորելով ոլորտի բոլոր ներկայացուցիչներին` մաղթում եմ անսպառ ուժ և եռանդ՝ բեղմնավոր գործունեություն ծավալելու և հետաքրքիր ծրագրեր կյանքի կոչելու համար»:






Лента

Рекомендуем посмотреть