Онлайн

Թուրք ռեժիսորի՝ իսլամացած հայ երեխաների մասին ֆիլմը՝ Երևանում  

2017-06-06 14:39 , Культура, Шоу бизнес, 529

Թուրք ռեժիսորի՝ իսլամացած հայ երեխաների մասին ֆիլմը՝ Երևանում

Վաղը կկայանա թուրք ռեժիսոր Նեզահաթ Գյունդողանի իսլամացած հայ երեխաների մասին պատմող «Վանքի երեխաները» (Vank’ın Çocukları) ֆիլմի երևանյան պրեմիերան:

Փաստավավերագրական ֆիլմը Հայոց ցեղասպանությունից փրկված դերսիմցի հայերի մասին է, որոնց զգալի մասը կոտորվեց 1937-1938 թթ. Դերսիմի կոտորածների ժամանակ, ողջ մնացածներն էլ՝ թուրքացվեցին ու մահմեդականացվեցին:

Ֆիլմի հեղինակները բազմաթիվ փաստեր են հավաքվել կոտորածներից հետո ողջ մնացած դերսիմցի հայ երեխաների վերաբերյալ, որոնց նախ թուրքական անուններ են տրվել, այնուհետև՝ ստիպել մահմեդականություն ընդունել: «Փորձել ենք օբյեկտիվ մոտենալ հարցին»,-այսօր Երևանում՝ լրագրողների հետ հանդիպմանը, ասել է «Վանքի երեխաները» ֆիլմի ռեժիսոր, ծնունդով դերսիմցի Նեզահաթ Գյունդողանը: Նրա խոսքով՝ այդ մարդկանց այլընտրանք չի թողնվել, նրանք ապրելու ուրիշ տարբերակ չեն ունեցել. կա՛մ պետք է իսլամացվեին, կա՛մ անտանելի կյանքով ապրեին:

Ֆիլմում ներկայացված է մի հերոս, ով հիշում է մանկությունը, բայց ստիպված է թաքցնել այն իր երեխաներից: Աղջիկը 2010թ.-ին է միայն իմանում, որ հայրը հայ է և, որ ստիպված է եղել սուննի-իսլամ դավանել: «Իր մեջ ցավը մնում էր, պատմական տրավման դուրս չէր գալիս: Մենք բարեկամաբար զրուցեցինք իր հետ, հավանաբար, կարիք ուներ արտահայտելու, դուրս հանելու իր մեջ եղած ցավը»,-ընդգծել է ռեժիսորը:

Իրենց արմատներից կտրված դերսիմցիներից բացի ֆիլմում անդրադարձ կա նաև 1915-ից հետո այդտեղ գործած միակ հայկական Հալվորի Սբ. Կարապետ վանքի մասին, որի վանահայրը 1937-ին ձերբակալվում է և գյուղի մյուս հայերի ու ալևիների հետ սպանվում: Իսկ եկեղեցին պետության կողմից ամբողջությամբ ավերվում է 1938 թ.-ին:

Նշենք, որ «Վանքի երեխաները» ֆիլմն արդեն ցուցադրվել է Թուրքիայում: Պրեմիերան կայացել է փետրվարի 9-ին, Ստամբուլի Բեյօղլու կինոթատրոնում: Ռեժիսորի փոխանցմամբ՝ հանդիսատեսը դրական է արձագանքել. «Իրենց մաշկի վրա զգացածները, իհարկե, զգացմունքային մոտեցան, իսկ մյուսներն էլ սկսեցին իրականության հետ առերեսվել,- նշել է նա:

Ստորև՝ «Վանքի երեխաները» ֆիլմի ավելի վաղ հրապարակված թրեյլերը.

Рекомендуем посмотреть