Онлайн

ՀՕՊ զորախաղեր՝ Արցախում

2017-09-29 18:39 , Общество, 142

ՀՕՊ զորախաղեր՝ Արցախում

Արցախի Պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության զորամասերի և ստորաբաժանումների հետ սեպտեմբերի 25-29-ը անցկացվել են «Պաշտպանական օպերացիայում հակաօդային պաշտպանության վարումը հակառակորդի ռադիոէլեկտրոնային պայքարի և կրակային միջոցների ազդեցության պայմաններում» թեմայով մարտական հրաձգությամբ մարտավարամասնագիտական զորախաղեր:

Զորախաղերն անցկացվել են ըստ ընթացիկ ուսումնական տարվա մարտական պատրաստության պլանի:

Արցախի Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ զորախաղերը նպատակաուղղված էին «հանրապետության օդային սահմանի անվտանգությունն ապահովող զինծառայողների մասնագիտական գիտելիքների և հրամանատարական ունակությունների կատարելագործմանը, շտաբների ներդաշնակվածության, մարտական գործողությունների նախապատրաստման ու վարման արդյունավետության բարձրացմանը»: Մարտավարամասնագիտական զորավարժությունը միտված էր նաև ստուգելու հակաօդային պաշտպանության ուժերի (ՀՕՊ) և միջոցների մարտական պատրաստականության մակարդակն ու ստորաբաժանումների մարտական խնդիրների կատարման ունակությունները, ինչպես նաև գնահատելու զորատեսակի սպառազինության և ռազմական տեխնիկայի իրական հնարավորությունները:

Արցախի պաշտպանական գերատեսչությունն արձանագրում է՝ մարտավարամասնագիտական զորախաղերի արդյունքում, որոնք խաղարկվել են ամենատարբեր աշխարհագրական գոտիներում և մարտավարական արագ փոփոխվող պայմանական իրավիճակներում, հակաօդային պաշտպանության զորքերը ևս մեկ աստիճանով բարձրացրել են դաշտային վարժվածության մակարդակն ու ձեռք բերել մասնագիտական նոր գիտելիքներ ու կարողություններ: Զորախաղերը հնարավորություն են ստեղծել նաև փորձի փոխանակում իրականացնելու, ինչպես նաև տարբեր օղակների հրամկազմի և ժամկետային զինծառայողների մարտական վարպետության աստիճանը կատարելագործելու համար:

«Ելնելով զորավարժության արդյունքներից, կարելի է փաստել, որ զորատեսակը գտնվում է մարտական պատրաստականության պատշաճ մակարդակի վրա, ինչը թույլ կտա այսուհետ ևս իրականացնել հանրապետության օդային սահմանի անվտանգության հուսալի և լիարժեք ապահովումը»,-ասված է ԱՀ ՊԲ տարածած հաղորդագրությունում:

Рекомендуем посмотреть