Онлайн

Պատանդի կարգավիճակից ազատ արձակվեցին նաեւ բարձրաստիճան ոստիկանները

2016-07-22 16:30 , Право, 20

Պատանդի կարգավիճակից ազատ արձակվեցին նաեւ բարձրաստիճան ոստիկանները

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ քիչ առաջ զինված խումբն ազատ է արձակել նաեւ հուլիսի 17-ից պատանդի կարգավիճակում գտնվող ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանին եւ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին:

Այսպիսով՝ բոլոր պատանդներն ազատ են արձակվել։

«Ազատություն» ռադիոկայանի տեղեկություններով՝ ավելի վաղ ԼՂ Ազգային ժողովի պատգամավոր, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի միջնորդությամբ տեղի է ունեցել հանդիպում ՊՊԾ գնդի տարածքը գրաված զինված խմբի անդամ, «Հիմնադիր խորհրդարանի» խոսնակ Վարուժան Ավետիսյանի և Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեորգի Կուտոյանի միջև:

«Այն տղաները, որոնք գտնվում են զորամասում` մեր մարտական ընկերների և երիտասարդ այդ տղաների հետ համատեղ որոշում ենք կայացրել, որպեսզի քայլ անենք, շարքային երկու ոստիկաններին առանց որևէ պայմանավորվածության ազատ ենք արձակել», — ռադիոկայանի փոխանցմամբ՝ «Շանթ» հեռուստատեսության եթերում քիչ առաջ ասել է Վիտալի Բալասանյանը, ում միջնորդությամբ այս օրերին բանակցություններ են վարվում ԱԱԾ-ի և զինված խմբի միջև:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ հուլիսի 17-ի առավոտյան մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահել այնտեղ գտնվող անձանց` պահանջելով ազատ արձակել մոտ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռ բերելը, փոխադրելը և պահելը կազմակերպելու մեղադրանքով կալանավորված Ժիրայր Սեֆիլյանին:

ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա հարձակման հետևանքով զոհվել է Ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը: 6 անձ վիրավորվել է, որոնց թվում հրազենային վնասվածքներ են ստացել ՀՀ Ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, Ոստիկանության փոխգնդապետ Հրաչ Խոստեղյանը, Ոստիկանության ենթասպա Գագիկ Մկրտչյանը:

Մի շարք անձինք զինված խմբի կողմից վերցվել էին որպես պատանդ եւ բանակցությունների արդյունքում հաջողվել է նրանց բոլորին ազատ արձակել եւ խուսափել նոր զոհերից։

Рекомендуем посмотреть