Онлайн

Մինչեւ 20.00-ն ժամանակ է տրված՝ լուծելու ապստամբների սննդի, ջրի, դեղորայքի ու բուժօգնության հարցերը

2016-07-25 22:55 , Право, 17

Մինչեւ 20.00-ն ժամանակ է տրված՝ լուծելու ապստամբների սննդի, ջրի, դեղորայքի ու բուժօգնության հարցերը

Հայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբավորման Համակարգող խորհրդի նախաձեռնող խումբն այսօր հանդես է եկել հայտարարությամբ: Ստորեւ ներկայացնում ենք այն նույնությամբ.

Արդեն ութերորդ օրն է, ինչ հայոց պետության ու հայ ժողովրդի մի խումբ նվիրյալներ` Սասնա ծռեր խմբի անդամները, ինչպես Հայաստանի ողջ բնակչությունը, զրկված լինելով իր սահմանադրական իրավունքների իրացման որևէ քաղաքակիրթ, օրինական հնարավորությունից, ստիպված եղան դիմելու Մարդու իրավունքների հռչակագրով նախատեսված՝ ժողովրդի ապստամբության իրավունքից բխող գործողությունների:

Սասնա ծռերի առաջ քաշած պահանջները բացառապես քաղաքական են և բխում են Հայաստանի հերթական օտարածին, ապօրինի վարչախմբի կողմից բռնի ուժով իշխանությունը զավթած լինելու, Հայաստանի քաղաքացիների իրավունքների մշտապես ոտնահարման, Հայաստանը օտար պետության շահերին ծառայեցնելու իրողությունից:

Դրսևորելով բացառիկ քաղաքական, հումանիստական վարք, որպես բարի կամքի դրսևորում, իշխանությունների հետ տարվող բանակցությունների շրջանակում Սասնա ծռերն ազատ արձակեցին իրենց մոտ գտնվող ոստիկանության բոլոր աշխատակիցներին:

Սակայն, խախտելով բոլոր կարգի պայմանավորվածությունները, վարչախումբը դիմեց հերթական, տմարդի, ստոր քայլերին:

Արդեն երրորդ օրն է, ինչ անջատել են ջրամատակարարումը, էլեկտրամատակարարումը, չեն տրամադրում սնունդ, դեղորայք: Չեն տրամադրում բուժօգնություն վիրավոր ապստամբին, խախտելով միջազգային ու մարդկային բոլոր նորմերը, փորձելով ապստամբներին մատնելու սովամահության:

Սերժ Սարգսյանի վարչախումբը, որն ապրիլին թշնամուն հանձնեց ավելի քան 800 հա տարածք, տալով 100-ից ավել զոհ ու բազմաթիվ վիրավորներ, հայտարարում էր, որ չի ցանկանում հետ բերել տարածքները, խուսափելու համար զոհեր տալուց:

Ստացվում է, որ Հայրենիքի տարածքները կարելի է հանձնել թշնամուն, իսկ հանուն այդ նույն Հայրենիքին արյուն տված, ու երկրի ու ժողովրդի ապագային նվիրված, համաժողովրդական սեր և վստահություն վայելող Սասնա ծռերի կյանքը որևէ արժեք չի ներկայացնում:

Այդ ապստամբությունը ճնշելու համար, Սերժ Սարգսյանը պատրաստ է զոհաբերել ինչպես Սասնա ծռերի նվիրյալների, այնպես էլ բազմաթիվ հայ երիտասարդ ոստիկանների ու խաղաղ բնակիչների կյանքեր:

Կողմ լինելով բոլոր հարցերի՝ այդ թվում նաև այս հարցի բացառապես քաղաքական ճանապարհով, խաղաղ բանակցությունների միջոցով կարգավորելու սկզբունքին,

դեմ լինելով ամեն կարգի բախումներին խաղաղ ցուցարարների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների միջև:

համոզված լինելով, որ այս անգամ գոնե իշխանությունը իր մեջ ուժ կգտնի ու կցուցաբերի զսպվածություն ու ձեռնպահ կմնա ուժային գործողությունների դիմելուց, որն հղի է անկանխատեսելի հետևանքներով,

Համակարգող խորհրդի նախաձեռնող խումբը հայտարարում է

-Թափված յուրաքանչյուր կաթիլ արյան, խեղված յուրաքանչյուր ճակատագրի համար պատասխանատու է Սերժ Սարգսյանն անձամբ: Անկախ այն բանից, թե դա ոստիկանության ծառայողներինն է, թե Սասնա ծռերի տղաներինը:

Բազմահազար ցուցարարների անունից.

-առաջարկում ենք Սերժ Սարգսյանին, որպեսզի այսօր` մինչև երեկոյան ժամը 20:00-ն, լուծվեն ապստամբ Սասնա ծռերի սննդի, ջրի, դեղորայքի ու բուժօգնության հարցերը:

Հայ ժողովրդին, Հայաստանի քաղաքացիներին կոչ ենք անում, երեկոյան ժամը 20:00-ին հավաքվել Խորենացի փողոցում, քննարկելու համար մեր հետագա քայլերը:

Դիմում ենք Հայաստանում հավատարմագրված դեսպաններին, միջազգային կազմակերպություններին, կարմիր խաչին, որպեսզի ակտիվ միջամտություն ցուցաբերեն, օգնելու, խնդիրը բանակցային ճանապարհով, խաղաղ լուծելու համար:

Մենք համոզված ենք, որ ստեղծված իրավիճակում, միայն յուրաքանչյուրիս ակտիվ մասնակցությունից, միասնականությունից ու վճռականությունից է կախված խաղաղ, անարյուն հանգուցալուծումը:

Համակարգող Խորհրդի նախաձեռնող խումբ 25.07.16թ

Лента

Рекомендуем посмотреть