Պապիլոմավիրուսի դեմ առաջնահերթ կպատվաստվեն պաշտոնյաների դուստրերը և թոռները - RadioVan.fm

Онлайн

Պապիլոմավիրուսի դեմ առաջնահերթ կպատվաստվեն պաշտոնյաների դուստրերը և թոռները

2017-10-06 23:46 , Медицина, здоровье, 4057

Պապիլոմավիրուսի դեմ առաջնահերթ կպատվաստվեն պաշտոնյաների դուստրերը և թոռները

Հայաստանում պատվաստումների ազգային օրացույցում ևս մեկ պատվաստում է ավելանալու. 2017 թվականի դեկտեմբերից կներդրվի նոր՝ պապիլոմավիրուսի (HPV) դեմ պատվաստումը, որը կիրականացվի 13 տարեկան աղջիկների շրջանում: Այն միտված է լինելու կանանց շրջանում արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելմանը, որը վիճակագրական տվյալների համաձայն՝ կանանց քաղցկեղային հիվանդությունների կառուցվածքում գրավում է երկրորդ տեղը:

Նոր պատվաստման, ներարկվող պատվաստանյութի բաղադրության, դրա ազդեցության վերաբերյալ բնակչության և բուժանձնակազմի շրջանում բացատրական և ուսուցողական աշխատանքներ կտարվեն: Այդ մասին այսօր «Ռադիո Վանի»-ի հարցին ի պատասխան ասել է ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը՝ ընդծելով, որ այդ ամենի իրականացմանն ուղղվելու են դրամաշնորհային գումարները՝ 170 հազար դոլարի չափով:

Իրազեկման աշխատանքներից զատ՝ նախարարության աշխատակիցները սեփակա՛ն թոռնիկների և դուստրերի փորձով են փարատելու պատվաստանյութի անվտանգության շուրջ ծնողների մոտ առկա անվստահությունը: «Որոշում է ընդունվել, որ Առողջապահության նախարարության ղեկավար անձնակազմի համապատասխան հասակի դուստրերն ու թոռները առաջին հերթին կստանան պատվաստում և դա կդառնա հանրության վստահության երաշխիք»,-հավելել է առողջապահական գերատեսչության ղեկավարը:

Աշխարհում գոյություն ունի պապիլոմավիրուսի դեմ հաստատված 2 պատվաստանյութ՝ Gardasil երկվալենտ եւ քառավալենտ, ինչպես նաեւ մեկ փորձնական պատվաստանյութ: Հայաստանը գնելու է քառավալենտ Gardasil-ը, որի արդյունավետությունը, վստահեցնում են մասնագետները, շատ մեծ է: Պատվաստումը 6 ամսվա տարբերությամբ կկատարվի 2 չափաքանակով: Հայաստանում այս ծրագիրը կիրականացվի Պատվաստանյութերի և պատվաստումների գլոբալ դաշինքի ՝ GAVI-ի միջոցով: Առաջին 2 տարիներին Հայաստանին պատվաստանյութը կտրամադրվի դաշինքի միջոցներով, իսկ հաջորդ 10 տարիներին Հայաստանը պատվաստանութը կգնի GAVI-ի գներով՝ մեկ չափաբաժինը 4,5 դոլարով:

Պապիլոմավիրուսի դեմ պատվաստումն այսօր ներդրված է աշխարհի 71 երկրում՝ այդ թվում եվրոպական տարածաշրջանի 28 երկրում:

Лента

Рекомендуем посмотреть