Արայիկ Խանդոյանին` Միայնակ Գայլին, մեղադրանք է առաջադրվել - RadioVan.fm

Онлайн

Արայիկ Խանդոյանին` Միայնակ Գայլին, մեղադրանք է առաջադրվել

2016-08-02 17:25 , Право, 1263

Արայիկ Խանդոյանին` Միայնակ Գայլին, մեղադրանք է առաջադրվել

Ազատամարտիկ, «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանին՝ Միայնակ Գայլին, մեղադրանք է առաջադրվել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արայիկ Խանդոյանի շահերի պաշտպան Արայիկ Պապիկյանը:

«Արայիկ Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) և 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը): Ենթադրում եմ, որ ամենաուշը վաղը դատարան կներկայացվի խափանման միջոց ընտրելու միջնորդություն»,- ասաց Պապիկյանը:

Փաստաբանը տեղեկացրեց, որ այս պահին Խանդոյանը գտնվում է Վաղարշապատի ձերբակալված անձանց պահման վայրում:

Պապիկյանի խոսքով` Արայիկ Խանդոյանը առողջական խնդիրներ չունի. «Առավոտյան իմ պահանջով բժիշկ է այցելել Խանդոյանին: Այսօր երկու անգամ տեսակցել եմ նրան, վերջինս առողջական խնդիրներ չունի, իրեն լավ է զգում, որևէ խնդիր չկա»:

Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ ՀՀ ոստիկանության պարեկապահակային (ՊՊԾ) գնդի տարածքի զավթման փաստի առթիվ 2016թ. հուլիսի 17-ին ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 219 (շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) և 235 (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածների հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել կամ կալանավորվել է 47 անձ: 24 անձի տարբեր համակցություններով մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218 (պատանդ վերցնելը), 219 և 235 հոդվածներով:

Հիշեցնենք նաև, որ Ոստիկանության պարեկապահակային գունդը հուլիսի 17-ից գրաված «Սասնա ծռեր» զինված խումբը հուլիսի 31-ին՝ ժամը 20։00-21։00-ի սահմաններում, վայր է դրել զենքը և հանձնվել իրավապահներին։

Лента

Рекомендуем посмотреть