Онлайн

Վարչապետի 7 հանձնարարականները

2016-09-29 23:55 , Политика, 16

Վարչապետի 7 հանձնարարականները

Այսօր, ՀՀ կառավարության նիստի մեկնարկին, վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորելով նորանշանակ նախարարներին՝ շնորհակալություն է հայտնել կառավարության բեռը կիսելու համաձայնության համար եւ մինչ օրակարգային հարցերի քննարկումը՝ հանդես եկել որոշ նախարարություններին ուղղված հանձնարարականներով:

Գյուղատնտեսության նորանշանակ նախարար Իգնատի Առաքելյանին հանձնարարվել է ուսումնասիրել սննդի անվտանգության ծառայությունների մասին հարցը՝ շեշտը դնելով նրա վրա, թե արդյոք Սննդի անվտանգության պետական տեսչությունը պետք է լինի նախարարությա՞ն կազմում, թե՝ ոչ, և ներկայացնել առաջարկություն:

Հանձնարարական՝ Էկոնոմիկայի, Ֆինանսների և Տարածքային կառավարման և զարգացման նախարարություններին. «Սեփականաշնորհված ակտիվներ, բազմաթիվ տարիների ընթացքում սեփականաշնորհված գույք, որոնք այսօր չեն աշխատում: Ուստի նախարարություններին հանձնարարում եմ նախեւառաջ գույքագրել այդ ունեցվածքը, մշակել և ներկայացնել չօգտագործվող անշարժ գույքի շահագործմանն ու խթանմանն ուղղված տնտեսական, իրավական կամ այլ մեխանիզմների ներդրման համակարգային առաջարկություններ։ Մենք պետք է սեփականատերերին փորձենք մոտիվացնել, որպեսզի այդ գույքն աշխատի»,-ընդգծել է վարչապետը:

Անդրադառնալով գնումների վերաբերյալ խնդիրներին՝ վարչապետը Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին հանձնարարել է քննարկել կենտրոնացված կարգը, գնումների կազմակերպման մեխանիզմի ներդրման հնարավորությունը և ներկայացնել առաջարկ, թե որ ապրանքներն ու ծառայություներն են նպատակահարմար ձեռք բերել կենտրոնացված կարգով: «Մենք բազմաթիվ գնումներ կազմակերպող կազմակերպություններ ունենք և, կարծում եմ, մենք այստեղ ավելի կառավարելի համակարգ կարող ենք ունենալ»,-ասել է Կարեն Կարապետյանը:

Վարչապետի չորրորդ հանձնարարականն ուղղված էր բոլոր գերատեսչություններին. «Գործադիրի բոլոր մարմիններին հանձնարարում եմ վերանայել կառավարության իրենց ոլորտներում գտնվող ՊՈԱԿ-ների գործունեության նպատակահարմարությունը և ներկայացնել առաջարկություն ՊՈԱԿ-ների թվաքանակի կրճատման և օպտիմալացման վերաբերյալ: Բազմաթիվ ՊՈԱԿ-ներ կան, որոնք ունեն հաստատուն ծախսեր, բայց հասկանալի չէ, թե իրենց օգուտը որն է: Ելնելով դրանից, շատ խիստ, կոշտ պետք է վերանայել այդ ամենը»:

Սպորտի եւ երիտասարդության հարցերի, Արտակարգ իրավիճակների, Մշակույթի և Քաղաքաշինության նախարարներին հանձնարարվել է մեկ շաբաթվա ընթացքում քննարկել իրենց ենթակայության տակ գտնվող ԾԻԳ-երի լուծարման հարցը եւ ներկայացնել առաջարկություններ:

Վարչապետի հանձնարարականների թվում էր նաեւ տարածքների եւ համաչափ տնտեսական զարգացման հարցը. «Տարածքային կառավարման և զարգացման նախարարին հանձնարարում եմ մեկամսյա ժամկետում, համագործակցելով Էկոնոմիկայի, Սպորտի և երիտասարդության հարցերի, Կրթության և գիտության, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Տրանսպորտի և կապի, Գյուղատնտեսության, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարներին ուսումնասիրել եւ ներկայացնել առաջարկություններ՝ տարածքների զարգացման ռազմավարությանը համապատասխան: Որպեսզի մենք ունենանք հասկանալի վեկտոր, թե ուր ենք գնում, յուրաքանչյուր գերատեսչություն իր զարգացումը պիտի տեսնի, պետք է համատեղի նաեւ տարածքային և ռեգիոնալ զարգացման հետ»,- ասել է վարչապետը:

Մեկ այլ հանձնարարականի համաձայն էլ Տարածքային կառավարման և զարգացման նախարարը պետք է երեքշաբաթյա ժամկետում վերանայի և լրամշակի համայնքային զարգացման հնգամյա ծրագիրը՝ վերահսկելի պահանջներ դնելով համայնքային զարգացման նկատմամբ. «Յուրաքանչյուր բնակավայր և կառավարիչ պետք է ունենա հորիզոն, թե ինքն ինչ է ուզում, որ ինչ լինի, պիտի ունենա երազ, թե ինքն ինչ քաղաք ու գյուղ է պատկերացնում»,-հավելել է վարչապետ Կարեն Կարապետյանը:

Лента

Рекомендуем посмотреть