Սեփականաշնորհվելիք բուժկենտրոնի տնօրենը լուրն իմացել է մամուլից - RadioVan.fm

Онлайн

Սեփականաշնորհվելիք բուժկենտրոնի տնօրենը լուրն իմացել է մամուլից

2017-06-15 17:59 , Общество, 1299

Սեփականաշնորհվելիք բուժկենտրոնի տնօրենը լուրն իմացել է մամուլից

ՀՀ ճառագայթային բժշկության և այրվածքների կենտրոնի տնօրեն Նորայր Դավիդյաննիր իսկ ղեկավարած կենտրոնի մասնավորեցման մասին տեղեկացել է մամուլից: Հանրային խորհրդում հրավիրված քննարկմանը Դավիդյանն ասել է, որ իրենց հետ որևէ նախնական քննարկում տեղի չի ունեցել: Ինչպես տեղեկանում ենք Հանրային խորհրդի պաշտոնական կայքից՝ Դավիդյանը նշել է, որ իրենց կենտրոնը լավ վիճակում է, հագեցած է լավագույն բուժտեխնիկայով, մինչդեռ, նկատենք, կառավարությունն այդ բուժհաստատության մասնավորեցումը հիմնավորել է «Կենտրոնի արդիականացման անհրաժեշտությամբ, որը կարող են ապահովել միայն մասնավոր ներդրողները»։

ՀՀ ԱՆ «Ճառագայթային բժշկության և այրվածքների կենտրոն»-ի տնօրենն անընդունելի է համարում խնդիրը միայն շահութաբերության տեսանկյունից քննարկելը՝ ընդգծելով, որ պետք է հաշվի առնել տվյալ կենտրոնի աշխատանքի արդյունավետությունը, պրոֆեսիոնալ կադրերի առկայությունը, նյութատեխնիկական բազան, հասարակությանը մատուցած ծառայությունը և այլն:

Նորայր Դավիդյանը, պարզվում է, միակը չէ, ում հետ չի քննարկվել մասնավորեցման ծրագիրը: Մասնավորեցման շուրջ Հանրային խորհրդում հրավիրված քննարկմանը «Վնասվածքաբանության, օրթոպեդիայի և վերականգնողական կենտրոն»-ի տնօրեն Վաչագան Այվազյանը ևս շեշտել է, որ իրենց հետ մասնավորեցման վերաբերյալ նախնական քննարկում չի եղել: Հիմնավորված չհամարելով մասնավորեցումը՝ կենտրոնի ղեկավարը միաժամանակ նշել է, որ «եթե դա այլընտրանք չունի, ապա գոնե հնարավորություն տան, որպեսզի իրենք ձեռք բերեն բուժհաստատությունները, որոնց գործունեության՝ արդյունավետ գործունեության համար, տարիներ ի վեր ներդրել են ֆինանսական ռեսուրսներ ու ջանքեր»:

Նշենք, որ «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրով» կառավարությունը նախատեսում է մասնավորեցնել հանրապետության տարածքում գործող թվով 47 ձեռնարկություն՝ այդ թվում մի շարք այլ առողջապահական հաստատություններ:

Лента

Рекомендуем посмотреть