ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հովհաննես Հովսեփյանին Պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից ազատելու մասին:
Հիշեցնենք, Հ. Հովսեփյանը այդ պաշտոնը զբաղեցնում էր 2016-ի մարտի 3-ից: Մինչ այդ նա ղեկավարում էր նախագահի վերահսկողական ծառայությունը:
Ի դեպ՝ ՊԵԿ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ երեկ Հովհաննես Հովսեփյանը պարգևատրվել է ԱՊՀ անդամ պետությունների հարկային ծառայությունների համագործակցության ամրապնդման և զարգացման գործում ցուցաբերած ակտիվ աշխատանքի համար: Պատվոգիրը շնորհել է ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ, գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը հոկտեմբերի 6-7-ը Ղազախստանի Հանրապետությունում կայացած ԱՊՀ անդամ պետությունների հարկային մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի 23-րդ նստաշրջանի ավարտին: Հովհաննես Հովսեփյանը նաև հուշամեդալ է ստացել ղազախստանյան պաշտոնակցից՝ Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դաուլետ Երգոժինից:
Հանրապետության նախագահի մեկ այլ հրամանագրով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ է նշանակվել Վարդան Հարությունյանը: Վ. Հարությունյանը տնտեսագիտության թեկնածու է, մի շարք պաշտոններ է վարել «ՀայՌուսգազարդ»-ում, 2014-ից առ այսօր հանդիսացել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Վարչության Նախագահ-Գլխավոր տնօրեն, ընկերության Տնօրենների Խորհրդի և վարչության անդամ, ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Անանիա Շիրակացու» մեդալով: