Ֆրանսիայի Սենատն այսօր 156 կողմ և 146 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունել է Ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց և մարդկության դեմ հանցագործությունների ժխտման քրեականացման օրինագիծը:
Հիշեցնենք՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը դեռ իր նախըտրական քարոզարշավի ժամանակ էր խոստացել նման օրենք ընդունել:
Այժմ արդեն Ֆրանիսիայում՝ Հոլոքոսթի ժխտման համար պատժից զատ՝ պատիժ կսահմանվի նաեւ մարդկության դեմ գործած բոլոր հանցագործությունները, այդ թվում` Հայոց ցեղասպանությունը ժխտելու և հերքելու համար:
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որով ողջունում է ֆրանսիական Սենատում ընդունված որոշումը.
«Ողջունում ենք Ֆրանսիայի Սենատի կողմից դեռ ամռանն Ազգային ժողովում հաստատված՝ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը:
Այս քայլով Ֆրանսիան կրկին վերահաստատում է իր արժեքավոր դերակատարումն անցյալում իրականացված ցեղասպանությունների դատապարտման և ժխտողականության դեմ պայքարի, ինչպես նաև՝ մարդկության դեմ հնարավոր նոր ոճիրների կանխարգելման գործում»,-ասված է ՀՀ արտաքին գերատեսչության տարածած հաղորդագրությունում: