Հովիկ Աբրահամյանի դստեր` նոտար Աննա Աբրահամյանի բնակարանը` ծովափնյա նորակառույց երկնաքերում. Hetq.am - RadioVan.fm

Онлайн

Հովիկ Աբրահամյանի դստեր` նոտար Աննա Աբրահամյանի բնակարանը` ծովափնյա նորակառույց երկնաքերում. Hetq.am

2016-11-09 11:55 , Политика, 1196

Հովիկ Աբրահամյանի դստեր` նոտար Աննա Աբրահամյանի բնակարանը` ծովափնյա նորակառույց երկնաքերում. Hetq.am

Բաթումի գոհարը. այսպես են անվանում Վրաստանի ամենաբարձր շինությունը, ծովափնյա Բաթումի այն շքեղ բազմաֆունկցիոնալ երկնաքերը, որտեղ անշարժ գույք ունի ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի դուստրը՝ նոտար Աննա Աբրահամյանը:

«Կենտրոն» նոտարական տարածքի նոտարի պաշտոնը զբաղեցնող 35-ամյա Աննա Աբրահամյանն անցյալ տարի է այդ գույքը ձեռք բերել: Այսինքն՝ իր նոտար նշանակվելուց հետո, իսկ նոտար նա նշանակվել է 2014-ի ապրիլին:

Համաձայն Վրաստանի Հանրային ռեեստրից մեր ձեռք բերած փաստաթղթի, Աննա Աբրահամյանն անշարժ գույքի նկատմամբ իր իրավունքը գրանցել է 2015թ. սեպտեմբերի 18-ին, երբ երկնաքերը դեռևս կառուցման փուլում էր:

Հիմա տեսնենք, թե ինչ է իրենից ներկայացնում Աննա Աբրահամյանի անշարժ գույքը:

Համաձայն Վրաստանի Հանրային ռեեստրի փաստաթղթերի, Աննա Աբրահամյանի անշարժ գույքը գտնվում է ծովափնյա այգու տարածքում` Բաթում քաղաքի Ռուսթավելի փողոցի 4-6 հասցեում: Այդ հասցեում 2013թ.-ի հունիսից մեկնարկեց բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի՝ Porta Batumi Tower-ի կառուցումը: Վրաստանում ամենաբարձր՝ 43 հարկանի համալիրի առաջին 7 հարկերը զբաղեցնում են հյուրանոցը, խաղատունը, ռեստորանը, ստորգետնյա կայանատեղին և տարաբնույթ բուտիկները: Աննա Աբրահամյանի բնակարանը երկնաքերի 14-րդ հարկում է: Բնակարանը զբաղեցնում է 85,5 քմ:

Բրիտանական ոճով և թուրքական ներդրումներով էլիտար այս շինությունը մեծ իրադարձություն էր Բաթումի համար: Վրաստանի վարչապետ Գ. Կվիրիկաշվին անձամբ վերահսկել և այս տարվա մարտին այցելել է եկրնաքեր, խոսել այստեղ արված թուրքական «System Construction» ընկերության շուրջ 70 մլն դոլար ներդրումների մասին:

Կադաստրից մեր վրացի գործընկերների միջոցով ձեռք բերած առք ու վաճառքի նախնական պայմանագրի համաձայն՝ գնորդ Աննա Աբրահամյանը այս բնակարանը գնել է 163 հազար դոլարով: Քառակուսի մետրն արժեցել է 1906 դոլար:

Մեկ քառակուսի մետրի արժեքը Porta Batumi Tower-ում սկսվում է 1440 դոլարից: Վաճառքով զբաղվող կազմակերպությաններկայացուցիչ Ալեքսեյը, «Հետքի» հետ զրույցում պատմեց, որ կապված հարկից, բնակարանի դիրքից և մի քանի այլ գործոններից, քառակուսի մետրի արժեքը տարբեր է: Օրինակ` 15-րդ հարկում 83-85 քմ բնակարաններն մեկ քառակուսի մետրի արժեքը տատանվում է 1700-2300 դոլարի սահմաններում:

Առաջատար մասնագետից` նոտար

Աննա Աբրահամյանի կենսագրության մեջ նշվում է, որ նա 1999 թվականից մինչև 2005 թվականը սովորել է ԵՊՀ Միջազգային հարաբերություններ ֆակուլտետում, 2008-2012թթ.` ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետում:

2008 թվականից աշխատել է տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության համայնքային բյուջեների և ծրագրերի մոնիտորինգի բաժնում որպես առաջին կարգի մասնագետ: Մինչ 2014 թվականը աշխատել է նույն վարչության տեղական ինքնակառավարման հարցերի համակարգման բաժնում, նույնպես որպես առաջատար մասնագետ:

2014թ. ապրիլի 29-ի, ԱՆ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հրայր Թովմասյանի հրամանով, Աննա Աբրահամյանը նշանակվել է «Արաբկիր» նոտարական տարածքի նոտարի պաշտոնում: 2015 թվականից մինչ օրս աշխատում է Երևան քաղաքի «Կենտրոն» նոտարական տարածքի նոտար:

Թե որտեղից են գոյանում քաղծառայողի, այնուհետև մեկ տարի նոտարի պաշտոնն զբաղեցնող Աննա Աբրահամյանի նման չափի եկամուտները, հայտնի չէ:

ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրից մեր ձեռք բերած տվյալներով, Աննա Աբրահամյանը 50% բաժնեմաս ունի Հայաստանում գրանցված «Արտ թամ» ՍՊԸ-ում: Ընկերությունը գործարկում է Երևան քաղաքի Արտաշատի խճուղի 103/1 հասցեում գործող գազալցակայանը: Նոտարի գործընկերը Արմավիրում գրանցված 79-ամյա Թամարիկ Իսահակյանն է:

Հայտնի է նաև, որ նրա ամուսինը՝ Վահան Մամիկոնյանն աշխատում է ՊԵԿ-ում’ Երեւան քաղաքի Շենգավիթի հարկային տեսչության պետն է:

Աննա Աբրահամյանի հետ առք ու վաճառքի հիմնական պայմանագիրը կնքվելու է շենքի շահագործումից հետո՝ 10 օրվա ընթացքում: Պայմանագիրը նախատեսում էր շենքը շահագործել 2016 թվականի հունիսի 15-ին: Porta Batumi Tower-ի բացումը ինչ-ինչ պատճառներով հետաձգվել է: Աջարիայի Ինքնավար Հանրապետության կառավարության պաշտոնական կայքի փոխանցմամբ, երկնաքերը ավարտուն տեսք կստանա մինչ այս տարվա վերջ: Հիշեցնենք, որ 2015 թվականի մայիսին վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Բաթում, հանդիպել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ, շրջել են նույն զբոսայգում, որտեղ 4 ամիս հետո նրա դուստրը ձեռք է բերել թանկարժեք բնակարանը:

Աղբյուր: Hetq.am

Лента

Рекомендуем посмотреть