Զինծառայության մասին օրինագծով պարտադիր ծառայության ժամկետը մնում է անփոփոխ - RadioVan.fm

Онлайн

Զինծառայության մասին օրինագծով պարտադիր ծառայության ժամկետը մնում է անփոփոխ

2017-10-23 17:53 , Общество, 1645

Զինծառայության մասին օրինագծով պարտադիր ծառայության ժամկետը մնում է անփոփոխ

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկվել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը: Քննարկմանը Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն անդրադարձել է «Պատիվ ունեմ» ծրագրով ակադեմիական կրթության համար տարկետումը վերացնելու շուրջ եղած անհանգստություններին և քննադատություններին: Նշենք՝ օրեր առաջ ուսանողներն այդ առնչությամբ բողոքի ակցիա էին կազմակերպել:

Նախարարը նշել է, որ կրթության համար տարկետում տրամադրելու համար կա երկու մոտեցում. կամ պետությունը որոշում է, որ ցանկացած քաղաքացի, ով ուզում է ստանալ բարձրագույն կրթություն, պետք է ունենա տարկետում մինչև ուսման ավարտը, կամորևէ մեկը տարկետում չի ստանում, որովհետև դրա արանքում ընկած ամեն ինչը սուբյեկտիվիզմի և մասնակի լուծումների մեթոդ է:

«Ես չեմ տեսնում որևէ պատճառ, թե ինչի համար, օրինակ, որևէ պետական բուհ ընդունվողը կարող է ունենալ տարկետում, իսկ ամբողջ Ամերիկյան համալսարանը, եթե չեմ սխալվում, ընդամենը 10 տեղ: Ինձ համար հասկանալի չէ, թե ինչի համար նույն մասնագիտությամբ նույն ֆակուլտետում սովորող մի քանի քաղաքացի պետք է ունենան հնարավորություն ավարտել ուսումը և միայն հետո կատարել պարտքը հայրենիքի նկատմամբ կամ չկատարել, իսկ մեկ ուրիշը պետք է 18 տարին լրանալու պահին զորակոչվի, որովհետև ընդունելության քննության ժամանակ օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով կես միավոր պակաս է հավաքել»,- պարզաբանել է Վիգեն Սարգսյանը:

Նախարարը հավելել է, որ առաջարկվող ծրագրով, որը ներառվել է օրենքի նախագծում, տարկետումը չեն վերացնում, այլ կրթություն ստանալ ցանկացող, դրա անընդհատությունը կարևորող քաղաքացիներին, ովքեր ուսումն ավարտելուց հետո պետք է բակալավրի աստիճանով զորակոչվեն բանակ, առաջարկում են զորակոչվել որպես սպա, դրա դիմաց ստանալ աշխատավարձ, ուսման ծախսերի փոխհատուցում բակալավրիատում, իսկ հետո` նաև մագիստրատուրայում:

Նախարարը հիշեցրել է, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով պարտադիր զինծառայության ժամկետը շարքային կազմի համար մնում է անփոփոխ՝ երկու տարի:

Ծառայությունը տևելու է 3 տարի «Ես եմ» ծրագրի մասնակից այն նորակոչիկների համար, ովքեր ծրագրի համաձայն՝ ցանկություն կհայտնեն ծառայությունն իրականացնել մարտական հերթապահություն իրականացնող զորամասում, իրավունք կստանան անցնելու ծառայության նոր տեսակի` ժամկետային պայմանագրային:

Ծառայության 3 տարիների գումարային 7 ամիս զինծառայողը կանցկացնի ազատ արձակման մեջ` սկսած 6-րդ ամսվանից, երբ իր ստորաբաժանումը կստանձնի մարտական հերթապահությունը՝ յուրաքանչյուր ամիս ծառայելով 1+1+2 բանաձևով:

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ:

Лента

Рекомендуем посмотреть