Онлайн

«Քանդել փողոցներն ու ամիսներով չվերականգնել՝ ուղղակի աններելի է». ջրամատակարարման բարելավման ծրագրերի պատասխանատուները նախազգուշացվել են

2017-10-27 17:59 , Другие, 160

«Քանդել փողոցներն ու ամիսներով չվերականգնել՝ ուղղակի աններելի է». ջրամատակարարման բարելավման ծրագրերի պատասխանատուները նախազգուշացվել են

Մայրաքաղաքի ջրամատակարարման բարելավման նպատակով իրականացվող ծրագրերի ընթացքը դանդաղ է, կատարվող աշխատանքներն էլ ձգձգվում են՝ անհարկի անհարմարություններ պատճառելով քաղաքացիներին: Դժգոհությունն այսօր հայտնել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի ծրագրերի իրականացման գրասենյակի ղեկավարների, «Վեոլիա Ջուր» ընկերության «Արևելք» և «Արևմուտք» տարածաշրջանային կառույցների տնօրենների և նշված ծրագերի իրականացման գործում ներգրավված այլ կառույցների ներկայացուցիչների հետ անցկացված ընդլայնված խորհրդակցությանը:

«Բոլորս էլ գիտակցում ենք, որ այս աշխատանքներն անհրաժեշտ և սպասված են, բայց քանդել փողոցներն ու ամիսներով չվերականգնել կամ կիսատ-պռատ, ընդամենը հողով ծածկել ու երկար ժամանակ թողնել այդ վիճակում, ուղղակի աններելի է»,-ասել է փոխքաղաքապետը՝ ընդգծելով, որ բոլոր աշխատանքների համար սահմանվում է հստակ ժամկետ և որևէ մեկին իրավունք չի տրված դրանք խախտել և անհարկի անհարմարություններ պատճառել մեր համաքաղաքացիներին:

«Վերցրեք այնքան ծավալ, որքանը որ կարող եք պատշաճ ավարտին հասցնել, ոչ թե աջ ու ձախ քանդեք և փորձեք արդարանալ, որ ծավալները մեծ են և, դրանով պայմանավորված, չեք հասցնում: Սա երբեք ընդունելի արդարացում չի կարող լինել: Եվ, ընդհանրապես, եթե ամենօրյա խիստ հսկողություն սահմանեք ու անձամբ հետևեք իրականացվող աշխատանքների ընթացքին, համոզված եմ, որ նման պատկեր չենք ունենա: Դիմացը ձմեռ է, և բոլորիդ նախազգուշացնում եմ, որ արագ ավարտեք ասֆալտբետոնյա ծածկերի վերականգնման աշխատանքները, որ ձմռանը չունենանք քանդված ու չվերականգնված որևէ փողոց»-հավելել է Կամո Արեյանը և մասնավորապես շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչներին խստորեն նախազգուշացրել, որ խախտումներ թույլ տվողների նկատմամբ կկիրառվեն օրենսդրությամբ սահմանված վարչական պատասխանատվության միջոցներ:

Հարկ է նշել, որ Ջրային տնտեսության պետական կոմիտեի պատվերով մայրաքաղաքի ջրամատակարարման բարելավման վարկային ծրագրով Երևանի 80 փողոցներում ընթանում են ջրամատակարարման բաշխիչ ցանցի արդիականացման և մասնավոր տնատիրությունների ջրաչափական հանգույցների տեղադրման աշխատանքներ: Ծրագրի իրագործումից հետո կառուցվելու է 152 կիլոմետր նոր ջրագիծ՝ շուրջ 13000 մասնավոր տնատիրությունների համար: «Վեոլիա Ջուր» ընկերությունն էլ մայրաքաղաքի 30 հասցեներում իրականացնում է ջրամատակարարման բարելավման և կոյուղատար ցանցի արդիականացման ծրագրեր: 21 հասցեներում գործընթացն արդեն ավարտվել է, իսկ մնացած 9-ում կավարտվի առաջիկա օրերին:

Лента

Рекомендуем посмотреть