Ամուսնու կողմից փողոցում բռնության ենթարկված կինը ճանաչվել է տուժող - RadioVan.fm

Онлайн

Ամուսնու կողմից փողոցում բռնության ենթարկված կինը ճանաչվել է տուժող

2016-11-29 17:55 , Право, 1215

Ամուսնու կողմից փողոցում բռնության ենթարկված կինը ճանաչվել է տուժող

Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ ամուսնու կողմից կնոջը փողոցում ծեծի ենթարկելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

«Դեպքի վերաբերյալ տուժած կնոջից ոստիկանությունում ստացված հաղորդման հիման վրա 2016 թվականի նոյեմբերի 28-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի [ծեծը] հատկանիշներով և նախաքննության համար գործն ուղարկվել Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։ Քննիչը քրեական գործն ընդունել է վարույթ ու անմիջապես ձեռնարկել անհետաձգելի քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու համար: Կինը ճանաչվել է տուժող և հարցաքննվել դեպքի շուրջ», — ասված է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունում։

Կոմիտեն նշում է, որ ամուսինը հրաժարվել է ցուցմունք տալ և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։

«Քննությամբ նախնական տվյալներ են ձեռք բերվել՝ ամուսինների միջև վիճաբանության պատճառների մասին, որոնք հրապարակման ենթակա չեն՝ նկատի ունենալով, որ դրանք պարունակում են անձնական կյանքին վերաբերող տեղեկություններ. Սահմանադրության 23-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անձնական ու ընտանեկան կյանքի գաղտնիության իրավունք։ Կնոջ նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն»,-հայտնում է կոմիտեն՝ նշելով, որ նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հիշեցնենք, ըստ իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի՝ քաղաքացի Գեւորգ Սաֆարյանը, ով հայտնի է «Ջունգլ» մականվամբ ու նաև մեղադրվում է նախորդ տարի ծեծի հետևանքով մահացած ազատամարտիկ Վարդան Թումանյանի մահվան մեջ, երկու օր առաջ, մայրաքաղաքի Տերյան փողոցի կենտրոնում, ծեծի է ենթարկել իր կնոջը: Միջադեպի առնչությամբ կինը ոստիկանություն բողոք էր ներկայացրել:

Лента

Рекомендуем посмотреть