Онлайн

Երևանում փոքրիկների ակնային եզակի վիրահատություն է արվել

2017-11-09 18:59 , Общество, 165

Երևանում փոքրիկների ակնային եզակի վիրահատություն է արվել

Երևանում աչքի եզակի վիրահատություններ են կատարվել. Հայկական ակնաբուժության նախագծի Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոնում երկու փոքրիկ տղա է վիրահատվել՝ եզակի ծավալով և բարդությամբ. անհրաժեշտ է եղել հեռացնել նրանց կատարակտը և ակնային սպին, որը խանգարել է աչքի բնականոն աճին:

Բարդ գործողությունն իրականացրել է ճանաչված վիտրեոռետինալ վիրաբույժ Թադևոս Հովհաննիսյանը, իսկ աշխատանքին հետևել է հանրաճանաչ վիրաբույժ Թոմաս Լին:

Հայկական ակնաբուժության նախագծի Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոնի վիրաբույժ Թադևոս Հովհաննիսյանի ներկայացմամբ՝ ծնվելուց հետո երեխաների թերի զարգացման պատճառով զարգացել է մի վիճակ, որը խանգարել է թե՛ տեսողությունը, թե՛ աչքի բնականոն աճին և իրենք փորձել են ուղղել այդ խնդիրը, որպեսզի արդյունքում նրանք առողջ տեսողություն ունենան:

«Երկու երեխաների առողջական վիճակը մի քանի շաբաթ է՝ քննարկվում է Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոնի միջազգային մենթորների՝ Լոս Անջելեսի Մանկական հիվանդանոցի Աչքի կենտրոնի տնօրեն Թոմաս Լիի և Միացյալ Թագավորության Մուրֆիլդսի աչքի հիվանդանոցի և Royal Free London հիվանդանոցի մանկական ռետինայի վիրաբույժ Սուի Չեն Ուոնգի հետ: Նրանք հանգել են այն եզրակացության, որ չնայած վիրահատությունները բարդ և եզակի են, հայ բժիշկներն իրենց ուժերով լրիվ պատրաստ են այն իրականացնել, իսկ մենթորները նրանց կհետևեն հեռաբժշկության համակարգով»,-նշվում է Հայկական ակնաբուժության նախագծի տարածած հաղորդագրությունում:

Վիրահատության ընթացքին հեռաբժշկության համակարգով հետևած Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոնի մենթոր Թոմաս Լիի գնահատմամբ՝ վիրահատությունը շատ լավ է անցել: «Բժիշկները կարողացան ոչ միայն մաքրել երեխայի կատարակտը, այլ նաև դրա հետևի արտերիայի մնացորդները: Վիրահատության ընթացքը գերացանց էր, ոչ մի բարդություն չեմ տեսնում և կարծում եմ, որ այս երեխան հրաշալի տեսողության պոտենցյալ ունի»,-ասել է նա:

Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոնը Հայկական ակնաբուժության նախագծի ծրագրերից մեկն է՝ ուղղված Հայաստանում և տարածաշրջանում մանկական կուրության կանխարգելմանը: Այն իր աշխատանքներն իրականացնում է միջազգային հանրաճանաչ մասնագետների հետ գործակցությամբ: Նման բարդ վիրահատություններին պատրաստվելու համար անգամ ամենավարժ վիրաբույժները վերապատրաստման անհրաժեշտություն ունեն, ինչն ապահովել է ՀԱՆ-ը:

Արտասահմանյան լուրջ վերապատրաստում անցած հայ մասնագետներով և գերժամանակակից սարքավորումներով հագեցած կենտրոնում վերջին տարիներին արդեն բուժում են ստանում փոքրիկներ ոչ միայն Հայաստանից, այլ նաև տարածաշրջանի մի քանի երկրից:

Հայաստանում անհասության ռետինոպաթիայի ստուգման և բուժման ազգային ծրագիրը Հայկական ակնաբուժության նախագիծը սկսել է 2010-ին, իսկ 2014-ին հիմնել Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոնը: 2010-ից մինչև 2017թ. առաջին կիսամյակ ընկած ժամանակահատվածում 6.300-ից ավելի թիրախային խմբի երեխա ենթարկվել է ակնային առաջնային և ընթացիկ ստուգումների, 15.500-ից ավելի անհասության ռետինոպաթիայի ստուգում է իրականացվել, շուրջ 120 երեխա լազերային բուժում, իսկ 85-ը՝ ներակնային սրսկում է ստացել, 44 վիտրեոռետինալ և հարակից վիրահատություն է իրականացվել՝ այս ամենը՝ փոքրիկներին կուրությունից փրկելու նպատակով:

Лента

Рекомендуем посмотреть