Онлайн

Շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրն է. կոչ է արվում հետևել առողջ սննդակարգին

2017-11-14 19:07 , Общество, 70

Շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրն է. կոչ է արվում հետևել առողջ սննդակարգին

Այսօր աշխարհում նշվում է շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրը: Դիաբետի միջազգային ֆեդերացիայի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նախաձեռնությամբ 1991 թվականից նշվող օրը խորհուրդ ունի բարձրացնելու բնակչության իրազեկվածությունը հիվանդության հիմնախնդիրների վերաբերյալ: Օրն ընտրվել է ի պատիվ կանադացի գիտնական Ֆրեդերիկ Բանտինգի, ով ինսուլինի ներարկման միջոցով փրկել է 14 տարեկան ծանր տիպի պատանեկան շաքարային դիաբետով երեխայի կյանքը և 1923 թվականին այս գյուտի համար արժանացել Նոբելյան մրցանակի:

Շաքարային դիաբետը բնորոշվում է որպես ոչ վարակիչ հիվանդության (ՈՎՀ) գլոբալ համաճարակ` հաշվի առնելով հիվանդության տարածվածության աշխարհագրական ընդլայնումը: ԱՀԿ տվյալներով` աշխարհում շուրջ 422 մլն մարդ ունի շաքարային դիաբետ: Հիվանդության գլոբալ տարածվածությունը կազմում է 8,5% և միտում ունի ավելանալու` հատկապես ցածր և միջին եկամուտներ ունեցող երկրներում:

ՀՀ առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ 2016 թվականին ՀՀ բնակչության շրջանում շաքարային դիաբետի` կյանքում առաջին անգամ ախտորոշված և գրանցված դեպքերի թիվը կազմել է 9146, պացիենտների ընդհանուր թիվը` 82671, որից 1-ին տիպի շաքարային դիաբետով պացիենտների թիվը 14350 է, իսկ 2-րդ տիպի շաքարային դիաբետով պացիենտների թիվը` 68321: Հայաստանում ՈՎՀ-ի հիվանդացության, մահացության բուրգում շաքարային դիաբետը զիջում է միայն արյան շրջանառության համակարգի հիվանդություններին և չարորակ նորագոյացություններին՝ զբաղեցնելով երրորդ տեղը:

ՀՀ առողջապահական գերատեսչությունը շաքարային դիաբետի կանխարգելումը, վաղ հայտնաբերումը, վերահսկումը, շարունակական հսկողությունը և բուժումը համարում է ոլորտի գերակա խնդիրներից մեկը:

Առաջնորդվելով ԱՀԿ-ի «կանխարգելում կյանքի բոլոր էտապներում» սկզբունքով` ներկայումս, առողջության առաջնային պահպանման օղակում իրականացվում են առողջ ապրելակերպի քարոզչության, վարքագծային և կենսաբանական ռիսկի գործոնների դեմ պայքարի ծրագրեր:

«Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի շրջանակներում Հայաստանի բնակչության ռիսկային խմբերում (35-68 տարիքային խմբում) իրականացվում է զանգվածային սկրինինգ, որի բաղադրիչներից է նաև շաքարային դիաբետի հետազոտումը` ուղղված հիվանդության վաղ հայտնաբերմանը և վերահսկմանը: 2015 թվականի հունվարից մինչև 2017 թվականի հոկտեմբերի 31-ը հետազոտվել է շուրջ 430 հազար քաղաքացի, որոնց 7.1%-ի մոտ հայտնաբերվել է արյան գլյուկոզի նորմից բարձր մակարդակ:

ՀՀ առողջապահության նախարարությունը կարևորում է նաև շաքարային դիաբետով պացիենտների դեղերով ապահովումը: Պետությունը 1-ին տիպի շաքարային դիաբետով հաշվառված ինսուլինակախյալ պացիենտներին 100% ապահովում է դեղերով: 2-րդ տիպի շաքարային դիաբետով շարունակական հսկողության տակ գտնվող պացիենտների դեղերով ապահովվածության մակարդակը ևս կազմում է 100%:

0-22 տարիքային խմբի շուրջ 700 հաշվառված ինսուլինակախյալ երեխաների և երիտասարդների կյանքի որակը բարձրացնելու, ինչպես նաև բուժման արդյունավետությունը և նրանց առողջական վիճակը բարելավելու նպատակով 2015թ. մեկնարկել և շարունակվում է «Հաղթահարենք դիաբետը միասին» ծրագիրը, որի շրջանակում նրանց անվճար տրամադրվում են վերջին սերնդի ինսուլինային անալոգներ, ինսուլինային գրիչ-ներարկիչներ, արյան մեջ գլյուկոզի չափման համար նախատեսված չափիչ սարքեր և թեստ-երիզներ:

ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է նախ և առաջ վարել առողջ ապրելակերպ, հետևել առողջ սննդակարգին, պայքարել ռիսկի հիմնական վարքագծային գործոնների դեմ` ֆիզիկական թերակտիվություն, ծխախոտի օգտագործում, ալկոհոլի չարաշահում և կենսաբանական գործոնների` ավելորդ քաշ և ճարպակալում, զարկերակային բարձր ճնշում, արյան մեջ գլյուկոզի բարձր մակարդակ: Միևնույն ժամանակ, կարևոր է հիվանդության առաջին իսկ ախտանշանների դեպքում դիմել բժշկի և միշտ հիշել, որ շաքարային դիաբետը կառավարելի հիվանդություն է, և արհեստավարժ մոտեցման դեպքում հնարավոր է ապրել լիարժեք, ինչպես նաև կանխել հիվանդության հնարավոր բարդությունները:

Лента

Рекомендуем посмотреть