Онлайн

ՊՆ-ում բնակ. պայմանները բարելավելու նպատակով դրամական միջոցներ հատկացնելու դիմաց կաշառք են վերցրել

2017-11-15 16:51 , Право, 186

ՊՆ-ում բնակ. պայմանները բարելավելու նպատակով դրամական միջոցներ հատկացնելու դիմաց կաշառք են վերցրել

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են զոհված կամ հաշմանդամ դարձած ազատամարտիկների ու զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման նպատակով ՀՀ ՊՆ-ի կողմից դրամական միջոցներ հատկացնելու գործընթացում չարաշահումների մի շարք դեպքեր, պարզվել դրանց մեխանիզմը։ 5 անձի առաջադրվել է մեղադրանք:

Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ զոհված (մահացած) և հաշմանդամ դարձած զինծառայողների (ազատամարտիկների) ընտանիքների բնակարանային պայմանները բարելավելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարի 2008թ. մայիսի 14-ի թիվ 584 հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից բնակարան գնելու համար անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու գործընթացում արձանագրվել են չարաշահումներ։ Մասնավորապես՝ զոհված (մահացած) և հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմանները բարելավելու նպատակով նրանց օգտին որոշում կայացնելու, գործընթացն արագ կազմակերպելու համար կաշառք տալու հարցի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել մի շարք անձանց և ՊՆ իրավասու պաշտոնատար անձի միջև։

Արդյունքում՝ նշված հանձնաժողովի կողմից տարբեր անձանց օգտին կայացվել են որոշումներ և հատկացված գումարները նրանց կողմից լիազորված անձանց անվամբ բանկերում բացված հաշվեհամարներին փոխանցելուց հետո, նախնական պայմանավորվածության համաձայն, առանձնապես խոշոր չափի կաշառքներ են փոխանցվել հանձնաժողովի քարտուղար, ՊՆ բաժանմունքի պետ Կ.Հարությունյանին։

Նախաքննությամբ բացահայտվել է նման 5 գործարք, պարզվել կաշառքի փոխանցման եղանակը, որոնք եղել են տարբեր. մի դեպքում կաշառքը թողել են ավտոմեքենայի սրահում, մեկ այլ դեպքում՝ փոխանցել միջնորդի միջոցով։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 5 անձի մեղադրանք է առաջադրվել, որոնցից 4-ին՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 1-ին՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու և կաշառքի միջնորդության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 313-րդ հոդվածի 1-ին մասով։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ հանձնաժողովի քարտուղար, ՊՆ բաժանմունքի պետ Կ.Հարությունյանի (ներկայումս՝ նախկին պետ) նկատմամբ հայտարարվել է հետախուզում. նա որպես մեղադրյալ է ներգրավվել՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և պաշտոնեական անփութության համար։

Հանձնարարություն է տրվել օպերատիվ-հետախուզական մարմիններին՝ ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ՝ հետախուզվողին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են ակտիվ քննչական գործողություններ՝ բազմակողմանի և օբյեկտիվ քննությունն ապահովելու, հանցավոր հնարավոր այլ դրսևորումները բացահայտելու, հնարավոր այլ անձանց առնչությունը պարզելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Лента

Рекомендуем посмотреть