Онлайн

Նախկին ոստիկանապետը «անհանգստության շեփոր» է հնչեցնում

2017-06-30 15:07 , Политика, 370

Նախկին ոստիկանապետը «անհանգստության շեփոր» է հնչեցնում

Հանրապետական պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը մտահոգված է հանրապետությունում շենքերի սեյսմակայունության և վերելակների անսարքության խնդրով: «Մեր շենքերը խիստ օրհասականան վիճակում են գտնվում, նամանավանդ` Երևան քաղաքում: 2018 թվականի բյուջեի հաստատման հետ կապված` ինչպիսի՞ առաջարկներ են ներկայացվել կառավարությանն, ու դրանք իրականացնելու ի՞նչ հնարավորություններ ունենք»,-այսօր ԱԺ-ում «ՀՀ 2016թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանից հետաքրքրվել է պատգամավորը:

«Հարցը մի քանի գերատեսչությունների պատասխանատվության ներքո է, և անհրաժեշտ են օրենսդրական ու նորմատիվային ակտերի որոշակի փոփոխություններ, ինչպես նաև տեխնիկական անվտանգության փորձաքննություն իրականացնող ստորաբաժանումների կարողությունների բարձրացում»,-պատասխանել է Դավիթ Տոնոյանը:

«Օրերս ձեր մասնագետներից մեկը TV-ով հայտարարեց, որ շենքերի 60-70 տոկոսն ընդամենը 6 բալ երկրաշարժի կարող է դիմակայել: Մենք ո՞ւմ ենք սպասում, ինչի՞ ենք սպասում: Մենք այդ դառը փորձը տեսել ենք: Ես ուղղակի անհանգստության շեփոր եմ հնչեցնում, մի օր փորձանքը կարող է լինել, և մենք դրան չենք դիմակայի: Հույսներս դնել, թե ով մեզ կօգնի, իրատեսական չէ: Հորդորում եմ՝ որպես ԱԻ նախարարի, ինքներդ առաջինն այդ աղմուկը բարձրացրեք: ԱԺ-ում էլ մշտապես Ձեր կողքին կլինենք, որպեսզի այդ խնդիրը լուծվի»,-նախարարի պատասխանը համոզիչ չհամարելով՝ հավելել է Ալիկ Սարգսյանը:

«Կշեփորենք համատեղ, հաշվի կառնենք Ձեր առաջարկությունը»,-պատգամավորին շտապել է հանգստացնել նախարարը:

Лента

Рекомендуем посмотреть