«Մեր հայ բարեկամներին ծանոթացրել ենք բանակցությունների բովանդակությանը». Լավրովը Հայաստանում է - RadioVan.fm

Онлайн

«Մեր հայ բարեկամներին ծանոթացրել ենք բանակցությունների բովանդակությանը». Լավրովը Հայաստանում է

2017-11-21 14:03 , Политика, 1261

«Մեր հայ բարեկամներին ծանոթացրել ենք բանակցությունների բովանդակությանը». Լավրովը Հայաստանում է

«ԼՂՀ խնդրի կարգավորման բանակցությունների բոլոր բաղադրիչները ամրագրված են փաստաթղթերում, և միակ բանը, որ դժվարություն է հարուցում, կարգավորման բաղադրիչների փաթեթային լինելն է: Դժվար է փաթեթից վերցնել այդ բաղադրիչներից մեկ, երկուսը, եւ ասել՝ այ, եկեք, դրա հիման վրա համաձայնության հասնենք, քանի որ մնացած հավասարակշռող բաղադրիչները կարող են դուրս մնալ»,-այդ մասին այսօր Երևանում հայտարարել է ՌԴ արգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ՀՀ արգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո կայացած համատեղ մամլո ասուլիսում:

«Մենք մեր հայ բարեկամներին ծանոթացրել ենք այդ թեմայով բանակցությունների բովանդակությանը, որը մեր պատվիրակությունը երկու օր առաջ անցկացրել է Բաքվում»,- ասել է Լավրովը՝ ընդգծելով, որ Ռուսաստանը`որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, շարունակելու է կողմերին աջակցություն տրամադրել խնդրի կարգավորմանը նպաստող պայմանների ստեղծման հարցում:

«Չափազանց լավատեսություն չեմ հայտնի։ Սա բարդ խնդիր է: Ցավով եմ նշում` բանակցություններն արագ չեն ավարտվի»,-միաժամանակ նշել է ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը:

Նշենք, որ Լավրովը Երևան է ժամանել նախօրեի երեկոյան՝ Բաքու այցից հետո:

Նա արդեն իսկ այցելել է Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

Նալբանդյանի հետ հանդիպումից հետո ՌԴ արտգործնախարարը նաև ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված՝ «Հայաստան-Ռուսաստան. բարեկամություն՝ կոփված դարերով» պատմավավերագրական ցուցահանդեսի բացմանը: Ցուցահանդեսը բացվել է Ազգային պատկերասրահում:

Лента

Рекомендуем посмотреть