Այսօր Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան 75-ամյակն է - RadioVan.fm

Онлайн

Այսօր Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան 75-ամյակն է

2017-11-22 14:56 , Общество, 1387

Այսօր Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան 75-ամյակն է

«Անկախության բանակ»-ի հրամանատար, ֆիզիկոս Լեոնիդ Ազգալդյանն այսօր կդառնար 75 տարեկան:

Երկու տասնյակից ավելի ռազմական գործողություններ հաղթանակով ավարտած Ազգալդյանը համոզմունք է ունեցել, որ «չի կարելի հանձնել ոչ մի կտոր հող. ինչ էլ ասեն կենտրոնական կամ ոչ կենտրոնական, միջազգային կամ ազգային գործիչները»:

Նա նոր որակ էր հայ ժողովրդի գոյամարտին ծառայագրված շարժումների շղթայում և որի գլխավոր հրամանատարը մնաց մինչև իր կյանքի վերջը։ Լ. Ազգալդյանը 1992 թ. հունիսի 21-ին Մարտակերտի շրջանում՝ Տոնաշեն գյուղի մոտ, զոհվեց թշնամու դավադիր կրակոցներից:

Մեծ հայրենասերը հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով։

«Սա Հայաստան է և վերջ». արցախյան հերոսի թևավոր խոսք դարձած այս կարճ արտահայտությունն այսօր ուղենիշ է բազում հայրենասեր հայորդիների համար:

Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան 75-ամյակի առթիվ այսօր շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, որում, մասնավորապես, ասված է.

«Նա Արցախյան ազատամարտի լեգենդար հրամանատարներից էր, որ իր գործունեությամբ, պայքարով ու նահատակությամբ գրել է մեր ժողովրդի պատմության հերոսական էջերից մեկը: Նրա ղեկավարած «Անկախության բանակ» և «Ազատագրական բանակ» կամավորական ռազմական կառույցները նշանակալի դեր են խաղացել Հայաստանի սահմանների և Արցախի պաշտպանության գործում:

Արցախի մասին նրա հնչեցրած արտահայտությունը վաղուց մեզ համար դարձել է թևավոր խոսք ու կարգախոս. «Սա Հայաստան է և վերջ»: Այս կարճ բանաձևի մեջ խտացված են Լեոնիդ Ազգալդյանի՝ ճշմարիտ հայրենասերի, լուրջ գիտնականի և տաղանդավոր կազմակերպչի ողջ գաղափարախոսությունն ու դիրքորոշումը, նրա իմաստալից կյանքի և իմաստավոր անմահության ողջ ուղին»:

Лента

Рекомендуем посмотреть