Онлайн

Հայ օգտատերերի սարքերի 68.85%-ը ենթարկվել է վնասաբեր ծրագրերով վարակման փորձերի

2017-11-27 12:08 , Общество, 161

Հայ օգտատերերի սարքերի 68.85%-ը ենթարկվել է վնասաբեր ծրագրերով վարակման փորձերի

«Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության Հայաստանի ներկայացուցչությունը հանդես է եկել մեր երկրում 2017թ. հունվար-մայիսին համակարգչային վնասաբեր ծրագրերով վարակման փորձերի վիճակագրության մասին տեղեկատվությամբ։ Ըստ այդմ՝ Հայաստանում ընթացիկ տարվա նշված ժամանակահատվածում օգտատերերի սարքերի 68.85%-ը ենթարկվել է վնասաբեր ծրագրերով վարակման փորձերի։ Այդ ցուցանիշով Հայաստանը զբաղեցրել է 23-րդ տեղն աշխարհի երկրների շարքում։

Kaspersky GREAT-ի տվյալների համաձայն՝ վարակման սպառնալիքների ենթարկված օգտատերերի ամենամեծ բաժինը գրանցվել է Երևանում՝ 69.21%։ Ցանկում հաջորդն են Արարատի մարզը (21.85% ցուցանիշով), Կոտայքի մարզը (19.68%), Լոռու մարզը (12.50%), և «առաջատարների» հնգյակը եզրափակում է Շիրակի մարզը (10.70%)։

«Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության տարածաշրջանային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը արձանագրված արդյունքների պատճառ է համարել այն, որ մեզանում դեռևս հիմնախնդիր է օգտատերերի մեծ մասի կողմից ոչ լիցենզիոն ծրագրերի օգտագործումը, ինչպես նաև պատշաճ հակավիրուսային ծրագրերի օգտագործման մշակույթի բացակայությունը: «Շատերը նաև ոչ անհրաժեշտ լրջությամբ են մոտենում համացանցային անվտանգության կանոններին: Կարևոր է ըմբռնել, որ հենց լիարժեք հակավիրուսային ծրագրերի կիրառումը, բոլոր լիցենզիոն ծրագրերի ժամանակին և կանոնավոր թարմացումները և թվային աշխարհում անվտանգության կանոններին հետևելն է մեծապես նպաստում թվային չարագործների ոտնձգություններից զերծ մնալուն»,- ընդգծել է Հայաստանում և Վրաստանում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տարածաշրջանային ներկայացուցիչը:

Рекомендуем посмотреть