Տարկետումը սահմանափակող օրենքը ստորագրվեց - RadioVan.fm

Онлайн

Տարկետումը սահմանափակող օրենքը ստորագրվեց

2017-11-29 13:47 , Политика, 1371

Տարկետումը սահմանափակող օրենքը ստորագրվեց

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը այսօր ստորագրել է Ազգային ժողովի կողմից ընդունած և բուռն քննադատությունների արժանացած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին», «Պաշտպանության մասին» և «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքները:

Հիշեցնենք՝ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության շուրջ համախմբված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագծին դեմ արտահայտվող ուսանողները, ովքեր պնդում են, որ նոյեմբերի 15-ին խորհրդարանում ընդունված նշյալ օրենքը կխոչընդոտի գիտության զարգացմանը, շուրջ մեկ շաբաթ դասադուլ արեցին, մեկ օր էլ նրանցից հինգը հացադուլ հայտարարեց: Ուսանողները դասադուլ-հացադուլը դադարեցրին նոյեմբերի 15-ին՝ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի ու փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ հանդիպումից հետո. պայմանավածություն էր ձեռք բերվել նոյեմբերի 22-ին կլոր սեղան-քննարկում անցկացնել իշխանությունների հետ:

Քննարկումը կայացավ: «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության համակարգող Դավիթ Պետրոսյանը հայտարարեց՝ «տարկետում լինելու է» սկզբունքն արդեն դառնում է իրականություն, ուղղակի խնդիրն այն է, թե տարկետման քանի տեղ և ինչ սկզբունքով կտրամադրվի: Հանրապետականի խոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ փոխանցեց, որ պայմանավորվել են առաջիկայում Պաշտպանության նախարարությանը կից աշխատանքային խումբ ստեղծել, որտեղ ուսանողների մասնակցությամբ կքննարկվեն կլոր սեղանի շրջանակում ներկայացված բոլոր առաջարկները:

Նշենք, որ «Զինծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագիծն ի թիվս մի շարք փոփոխությունների, սահմանում է նաև տարկետման նոր դրույթ, ըստ որի տարկետում կստանան միայն այն քաղաքացիները, ովքեր պայմանագիր կկնքեն պաշտպանության նախարարության հետ և կպարտավորվեն ուսումն ավարտելուց հետո բանակում ծառայել երեք տարի՝ ՊՆ նախանշած վայրում: Հակառակ պարագայում նրանք, 18 տարին լրանալուն պես, երկու տարով կզորակոչվեն բանակ:

Лента

Рекомендуем посмотреть