Ֆրանսիան նոր նախագահ ունի - RadioVan.fm

Онлайн

Ֆրանսիան նոր նախագահ ունի

2017-05-08 23:55 , Политика, 973

Ֆրանսիան նոր նախագահ ունի

Ֆրանսիայում նախօրեին կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի նախնական արդյունքներով հաղթանակ է տարել թեկնածուներից Էմանուել Մակրոնը:

Նախագահի պաշտոնի համար պայքարում էին արմատական «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին Լը Պենը, և «Հառաջ» շարժման ղեկավար, էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնը, ով առաջին փուլում ստացել էր ձայների 24 %-ը:

Երկրորդ փուլում, դեռեւս նախնական տվյալներով, Մարին Լը Պենին կողմ է քվերակել ընտրողների մոտ 35, Մակրոնին՝ ավելի քան 65 տոկոսը։ Վերջնական արդյունքները կհայտարարվեն մայիսի 11-ին։

Երեկ ուշ երեկոյան Մարին Լը Պենը զանգահարել ու շնորհավորել է 39-ամյա Մակրոնին՝ ընտրվելու կապակցությամբ։

Ֆրանսիայի պատմության մեջ Էմանուել Մակրոնն ամենաերիտասարդ նախագահն է։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել Ֆրանսիայի Հանրապետության նորընտիր Նախագահին ուղղված շնորհավորական ուղերձով, որում մասնավորապես ասված է.

«Մեծարգո՛ պարոն Նախագահ,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ֆրանսիայի Հանրապետության Նախագահի ընտրություններում համոզիչ հաղթանակի և երկրի ղեկավարի բարձրագույն պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։

Համոզված եմ, որ Ձեր պաշտոնավարության ընթացքում հայ-ֆրանսիական դարավոր բարեկամության վրա խարսխված՝ մեր երկրների միջև առանձնաշնորհյալ հարաբերությունները, բարձր մակարդակի քաղաքական սերտ երկխոսությունը, տնտեսական բազմոլորտ համագործակցությունը և մշակութային գործուն կապերը կշարունակեն առավել զարգանալ և խորանալ:

Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի կարևոր և շարունակական ջանքերը Մինսկի խմբի համանախագահող մյուս երկրների՝ Միացյալ Նահանգների և Ռուսաստանի հետ միասին՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը և մեր տարածաշրջանում տևական խաղաղության հաստատմանը։

Մեծապես կարևորում եմ Ֆրանսիայի աջակցությունը եվրոպական ընտանիքին Հայաստանի մերձեցմանը, ինչպես նաև միջազգային ասպարեզում, այդ թվում՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում, մեր երկրների միջև հաստատված սերտ համագործակցությանը:

Վերստին Ձեզ հղելով իմ անկեղծ շնորհավորանքը՝ մաղթում եմ հաջողություններ և ձեռքբերումներ Ձեր բարձր առաքելության մեջ՝ ի նպաստ բարեկամ Ֆրանսիայի առաջընթացի և բարօրության:

Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանքներիս հավաստիքը»:

Лента

Рекомендуем посмотреть