Հրապարակի տոնածառի լույսերը կմիացվեն դեկտեմբերի 19-ին - RadioVan.fm

Онлайн

Հրապարակի տոնածառի լույսերը կմիացվեն դեկտեմբերի 19-ին

2017-12-05 14:16 , Общество, 3283

Հրապարակի տոնածառի լույսերը կմիացվեն դեկտեմբերի 19-ին

Դեկտեմբերի 19-ին` ժամը 19:30-ին, Հանրապետության հրապարակում գլխավոր տոնածառի և մայրաքաղաքի տոնական արտաքին լուսավորության միացմամբ Երևանում կազդարարվի տոնական հիմնական միջոցառումների մեկնարկը:

«Այս տարի տոնական հիմնական միջոցառումներն ունեն մի շարք առանձնահատկություններ և նորամուծություններ: Մեր համաքաղաքացիների, ինչպես նաև քաղաքի հյուրերի համար այս տարի առաջին անգամ տոնական միջոցառումներով հագեցած կլինեն նաև հունվարի 1-ը, 2-ը և 3-ը: Ազատության հրապարակում երիտասարդների, մեծերի ու մանուկների համար նախատեսված է հետաքրքիր ծրագիր: Այս տարի տոնական երթուղով կաշխատի «Երևան Սիթի Տուր» ծրագիրը: Այն կգործի դեկտեմբերի 20-ից՝ Հանրապետության հրապարակից»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը՝ ներկայացնելով «Նոր տարին Երևանում 2018» միջոցառումների ծրագիրը:

Փոխքաղաքապետը նշել է, որ դեկտեմբերի 8-ին` ժամը 19:00-ին, տեղի կունենա Կարապի լճի սահադաշտի հերթական տարեշրջանի բացման հանդիսավոր արարողությունը: Ձմռան ամիսներին ամեն օր կգործի նաև Իրինա Ռոդնինայի սահադաշտը:

Դեկտեմբերի 31-ին ժամը 22:00-ից մինչ հունվարի 1-ի ժամը 01:00-ն մայրաքաղաքի բնակիչների, հյուրերի, ինչպես նաև զբոսաշրջիկների համար հանրապետության գլխավոր տոնածառի շուրջ՝ Հանրապետության հրապարակում, կազմակերպվելու է «Նոր տարվա գիշերը» ծրագիրը: Միջոցառումն ուղեկցվելու է դիսկոտեկով, իսկ ուղիղ կեսգիշերին Նոր տարվա գալուստն ազդարարելու է տոնական հրավառությունը:

Հունվարի 6-ին «Սուրբ Ծնունդը Երևանում» Արարատյան Հայրապետական թեմի հետ համատեղ կնշվի տոնածիսական համերգային ծրագրով:

Մայրաքաղաքում Ամանորի միջոցառումները կամփոփվեն Ազատության հրապարակում նախատեսված տոնական համերգով՝ հունվարի 13-ին՝ ժամը 19:00-ին:

Лента

Рекомендуем посмотреть