Փարիզում այսօր մեծ հանդիսավորությամբ նշում են Ֆրանսիայի գլխավոր ազգային տոնը՝ Բաստիլի գրավման օրը:
Տոնական զորահանդեսին մասնակցում է ավելի քան 3․5 հազար զինծառայող:
Երեկոյան էլ Փարիզի Մարսյան դաշտում տեղի կունենա դասական երաժշտության համերգ:
Փարիզում միաժամանակ ուժեղացվել են անվտանգության միջոցառումները:
Շուրջ մեկ տարի առաջ, հիշեցնենք, ֆրանսիական ծովափնյա Նիս քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով, երբ բեռնատարը բարձր արագությամբ մխրճվել էր Ֆրանսիայի ազգային տոնը նշելու համար հավաքված բազմության մեջ, զոհվեց 86 մարդ:
Ֆրանսիական իշխանությունների համոզմամբ՝ ահաբեկչության վտանգը դեռևս շատ մեծ է:
Հավելենք նաև, որ Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանություն, շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին, դեսպանության աշխատակիցներին ու ի դեմս նրանց՝ Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին:
«Ֆրանսիան հայ ժողովրդի համար հոգեհարազատ երկիր է, իսկ Հայաստանի համար վստահելի ու լավ գործընկեր: Հայաստանի և Ֆրանսիայի միջև դարերի խորքից եկող բարեկամությունը և այսօր մեր պետությունների միջև առկա առանձնաշնորհյալ հարաբերությունները, բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունն ու փոխվստահությունը կայուն հիմք են հայ-ֆրանսիական փոխգործակցության հետագա համակողմանի զարգացման և խորացման համար»,-ընդգծել է Սերժ Սարգսյանը: