ՀՀ երիտասարդներին կզարգացնեն հատուկ ծրագրով - RadioVan.fm

Онлайн

ՀՀ երիտասարդներին կզարգացնեն հատուկ ծրագրով

2017-12-20 15:20 , Образование, 2130

ՀՀ երիտասարդներին կզարգացնեն հատուկ ծրագրով

Այսօր ազդարարվել է «Երիտասարդների զարգացում» եռամյա ծրագրի մեկնարկը, որի նպատակն է` աջակցել 18-30 տարեկան երիտասարդներին` ուշադրություն դարձնելով այն խոցելի խմբերին, որոնք կարիք ունեն մասնագիտական հմտությունների զարգացման, հատկապես մարզերում:

«Աշխատաշուկան այսօր շատ արագ է փոփոխվում, իսկ կրթության ոլորտն ամենապահպանողական համակարգերից մեկն է, քանի որ փոփոխությունները կապված են մարդկանց վերաբերմունքի փոփոխության հետ: Այս իմաստով կրթության ոլորտի համագործակցությունը գործարար միջավայրի և բիզնես կառույցների հետ շատ կարևոր է, որովհետև դրանք են, ի վերջո, հանդիսանում աշխատաշուկան և թելադրողն այն պայմանների, որ պետք է բավարարի կրթական համակարգը: Ծրագրի երկրորդ կարևոր կետը կենտրոնացումն է դեպի մարզեր, քանի որ այնտեղ աշխատանք գտնելը շատ ավելի դժվար է, իսկ կրթության հնարավորությունները` ավելի սահմանափակ, քան Երևանում: Բացի այդ, ծրագրով շեշտադրումը դրվում էայնպիսի հմտությունների վրա, որոնք պահանջված են այսօրվա աշխատաշուկայում, որովհետև մի բան է ունենալ գիտելիք, իսկ մեկ այլ բան` որոշակի հմտություններ և կարողանալ դրանք ներկայացնել: Ծրագրի մյուս կարևոր ուղղությունը սոցիալական պատասխանատվության բաղադրիչն է, որը գուցե նոր երևույթ է հայկական իրականության մեջ, սակայն այն իր ուրույն տեղն է զբաղեցնում աշխարհում: Սոցիալական պատասխանատվությունն արդեն նորմ է ցանկացած կազմակերպության համար, որը գիտակցում է, որ աշխարհը բացականին փոքրացել է և հնարավոր չէ կառուցել միայն քո լավ ապագան և սեփական ներդրումը չունենալ աշխարհի զարգացման գործընթացում: Այդ պատճառով մենք կոչ ենք անում նաև մյուս ընկերություններին, որ իրենց գիտելիքները, փորձն ու կարողությունները հասանելի դարձնեն մյուսների համար»,-ծրագրի ներկայացման առիթով հրավիրված մամլո ասուլիսում ասել է ԿԳ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը:

ԿԳ նախարարությունից հայտնում են, որ «Երիտասարդների զարգացում» ծրագրի շրջանակում նախատեսվում է աջակցել Երևանում և մարզերում բնակվող 2100 երիտասարդների (500-ը` Երևանում, 1600-ը` մարզերում)` մինչև 2020 թվականն այդ թիվը հասցնելով 8000-ի: Ծրագրի առաջին փուլում մասնակիցները ձեռք կբերեն ինքնազարգացման և ինքնագնահատման հմտություններ, այնուհետև կսովորեն ժամանակի և նախագծերի կառավարման, հաղորդակցական, բանակցային և վաճառքի հմտություններ, բիզնես պլանավորում, ինչպես նաև ֆինանսական գրագիտություն: Բացի Երևանից, վերապատրաստումներ կկազմակերպվեն նաև Շիրակի, Լոռու, Տավուշի, Կոտայքի, Արագածոտնի և Սյունիքի մարզերի երիտասարդների համար:

ՀՀ կրթության և գիտության նախարարությունն իր մասնակցությունը կունենա ծրագրի իրականացմանը` մարզերում ապահովելով ծրագրի կազմակերպիչների կապը տեղական ուսումնական հաստատությունների հետ, որը թույլ կտա ներգրավել ավելի մեծ թվով շահառուներ: Բացի այդ, նախարարությունը ծրագրի շրջանակում աշխատանքային տոնավաճառների կազմակերպման ընթացքում կաջակցի տեղական գործող ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ կապի ապահովմանը, ինչը թույլ կտա առավել արդյունավետ կազմակերպել մասնագետ- գործատու կապը և կընդլայնի ծրագրի մասնակիցների` հետագայում աշխատանք գտնելու հնարավորությունները: Ծրագիրն իրականացվում է «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության աջակցությամբ:

Лента

Рекомендуем посмотреть