Տասնյակ տղաներ երեք տարի ծառայելու պատրաստակամություն են հայտնել - RadioVan.fm

Онлайн

Տասնյակ տղաներ երեք տարի ծառայելու պատրաստակամություն են հայտնել

2017-12-21 17:07 , Общество, 1263

Տասնյակ տղաներ երեք տարի ծառայելու պատրաստակամություն են հայտնել

ՀՀ կառավարությունն այսօր հաստատել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու ցանկություն հայտնած շարքային կազմի պարտադիր զինծառայողի հետ պայմանագիր կնքելու կարգը սահմանելու մասին որոշման նախագիծը:

«Նախատեսվում են ՀՀ ՊՆ-ի կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու ցանկություն հայտնած քաղաքացիների դիմումների ներկայացման, զորակոչի կազմակերպման, նրանց հետ քաղաքացիաիրավական բնույթի պայմանագրի կնքման հետ կապված հարաբերությունները, պայմանագրի ձևը, զինծառայողների դրամական ապահովության չափերն ու իրային ապահովության չափաքանակները»,-նախագիծը գործադիրի հաստատմանը ներկայացնելիս ասել է Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշելով, որ նախագծի նպատակն է ապահովել զինվորական ծառայության ու ծառայողի կարգավիճակի մասին ՀՀ օրենքով ամրագրված «Ես եմ» ծրագրի կիրառման գործընթացը: Նախարարն ընդգծել է, որ նշված ծրագիրը ներդրվել է արդեն ձմեռային զորակոչի ժամանակ:

«Այս պահին մի քանի տասնյակ քաղաքացիներ ներկայացրել են դիմումներ, վստահ եմ, որ այս որոշումն ընդունելուց հետո (որովհետև շատերը հարցնում են, թե որտեղ է ֆիքսված գումարը, որ պետք է ստանան) … զինկոմիսարիատների աշխատանքի շնորհիվ այս թիվը կաճի»,- նշել է ռազմական գերատեսչության ղեկավարը:

Նախարարը հիշեցրեց, որ սա առաջին անգամ է արվում և ավելացրեց, որ 100 զինծառայողի ներգրավումն այս ծրագրին համարում է արդեն լավ արդյունք:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 15-ին Ազգային ժողովը՝ չնայած ուսանողների բողոքի ակցիային, երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: Օրենքը, ի թիվս մի շարք փոփոխությունների, սահմանում է նաև տարկետման նոր դրույթ, ըստ որի տարկետում կստանան միայն այն քաղաքացիները, ովքեր պայմանագիր կկնքեն պաշտպանության նախարարության հետ և կպարտավորվեն ուսումն ավարտելուց հետո բանակում ծառայել երեք տարի՝ ՊՆ նախանշած վայրում: Հակառակ պարագայում նրանք 18 տարին լրանալուն պես երկու տարով կզորակոչվեն բանակ:

Лента

Рекомендуем посмотреть