Ամանորին ձյուն չի գա, անոմալ ջերմաստիճանը կպահպանվի - RadioVan.fm

Онлайн

Ամանորին ձյուն չի գա, անոմալ ջերմաստիճանը կպահպանվի

2017-12-29 14:14 , Общество, 1325

Ամանորին ձյուն չի գա, անոմալ ջերմաստիճանը կպահպանվի

Դեկտեմբերի 28-ից սկսած հանրապետությունում տաք օդային հոսանքի ալիքը կրկին ակտիվացել է, այս անգամ ներթափանցում է Իրաքից, Սիրիայից: Ըստ այդմ՝ Հայաստանում առաջիկա օրերին տաք ջերմային ֆոնը կպահպանվի, Ամանորը կդիմավորենք առանց ձյան: Այս մասին այսօր հրավիրված մամլո ասուլիսում հայտնել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

«Ներկայում հանրապետության ամբողջ տարածքում, ինչպես նաև լեռնային շրջաններում ձնածածկութը բացակայում է: Նույնիսկ այն հատվածներում, որոնք ծովի մակերևույթից 2400 մ բարձր են, Ղուկասյանում, Աշոցքում և այլն»,-նշել է Գագիկ Սուրենյանը:

«Այսօր, վաղը ջերմաստիճանի բարձրացումը շարունակվում է, Սյունիքի հովիտներում օդի ջերմաստիճանը կհասնի +23-ի, Տավուշի հովտային գոտիներում՝ մինչև +20 աստիճանի, Արարատյան դաշտում, մայրաքաղաքում` +12-ից +14 աստիճանի: Մինչև դեկտեմբերի 31-ը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ, հունվարի 1-ին Միջերկրական ծովից Հայաստանին մոտենում է տեղումնաբեր ցիկլոն: Հունվարի 1-2-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության ամբողջ տարածքում սպասվում են տեղումներ: Տեղումները հիմնականում լինելու են անձրևի տեսքով»,-նշել է ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետը:

Մինչև հունվարի 10-ն այս պահի գնահատմամբ որևէ ցուրտ օդային հոսանքի ներթափանցում չի կանխատեսվում: Հունվարի 10-ը ներառյալ այս ամբողջ անոմալ ջերմային ֆոնը պահպանվելու է:

Лента

Рекомендуем посмотреть