Онлайн

Բնակչությանը կպաշտպանեն երկրորդային ծխի ազդեցությունից. բացօթյա տարածքներում ծխելու համար հատուկ տեղեր են սահմանվելու

2018-01-25 18:28 , Общество, 191

Բնակչությանը կպաշտպանեն երկրորդային ծխի ազդեցությունից. բացօթյա տարածքներում ծխելու համար հատուկ տեղեր են սահմանվելու

Իրավական ակտերի հրապարակման միասնական համակարգում քաղաքացիների դատին է ներկայացվել Առողջապահության նախարարության մշակած «Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի նախագիծը: Նախագիծը, որը օրենքի ուժ է ստանալու այս տարվա նոյեմբերի 1-ից՝ քաղաքացիների առաջարկների համար բաց է մինչև փետրվարի 2-ը:

Նախագծի հիմնական նպատակը, ըստ էության, բնակչությանը երկրորդային ծխի ազդեցությունից առաջացող բացասական հետևանքներից պաշտպանելն է: Այդ նպատակով մի շարք վայրերում ծխելու, ինչպես և ծխախոտի վաճառքի սահմանափակմանարգելք է սահմանվում:

Ծխել կարգելվի փակ տարածքներում, հասարակական վայրերում, այդ թվում՝ բուժհաստատություններում, առողջարանային հաստատությունների տարածքներում, կրթական բոլոր հաստատությունների տարածքներում, մանկապատանեկան մարզական կազմակերպությունների տարածքներում, մշակութային օջախներում, հանրային սննդի օբյեկտներում, բնության հատուկ պահպանվող տարածքներում, տրանսպորտում, ուղևորների սպասարկման համար նախատեսված տարածքներում, խաղատներում, առևտրի և զվարճանքի օբյեկտներում: Իսկ բացօթյա տարածքներում ծխելու համար հատուկ տեղեր կհատկացվեն: Համապատասխան տարածքների առանձնացման և կահավորման պահանջները կսահմանվեն քաղաքաշինության, բնապահպանության, տարածքային, առողջապահության բնագավառում պետական լիազոր մարմինների կողմից:

Օրենքով արգելված վայրերում ծխելու համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքով նախատեսվում է տուգանք 250.000 դրամի չափով: Նույն արարքը 3 ամսում կրկնելու դեպքում 500.000 դրամի չափով:

Նախագծի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Рекомендуем посмотреть