Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ մեր երկիրը մեդալ կունենա Եվրոպայի կանանց մեծահասակների առաջնությունում:
Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան՝ մանրամասնելով, որ Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ընթացող ստուգատեսում մեր առաջին մեդալը ապահովել է 63 կգ քաշային Սոնա Հարությունյանը:
¼ եզրափակիչում հայ մարզուհին մրցել է վրացի Տեկլե Լամինիձեյի հետ ու հաղթել մեծ առավելությամբ:
«Բոլոր 3 ռաունդներում Սոնան տակտիկապես շատ գրագետ մենամարտ անցկացրեց: Օգտվելով իր բարձր հասակի առավելությունից մեր մարզուհին մրցակցին պահում էր տարածության վրա ու ժամանակին տեղ հասցնում իր հարվածները: Արդյունքում բոլոր մրցավարները 5:0 հաշվով հաղթանակը շնորհեցին Հարությունյանին:
Նա կիսաեզրափակիչում է և ապահովել է առնվազն բրոնզե մեդալ:Նշենք, որ Բուդվայում մեր բռնցքամարտիկների կողքին է նաև բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը»,-հայտնում են ֆեդերացիայից։
Ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է նաև մարզուհու հաղթական մենամարտի տեսագրությունը։