Онлайн

«Գրին քարտ»-ի խաղարկության համակարգը հնացել է և պետք է վերանա. Թրամփ

2017-08-03 18:26 , Мир, 346

«Գրին քարտ»-ի խաղարկության համակարգը հնացել է և պետք է վերանա. Թրամփ

Ամերիկյան «Գրին քարտի»՝ ԱՄՆ-ում մշտական բնակության եւ աշխատանքի իրավունքի, անկանոն խաղարկության համակարգը հնացել է եւ մոտ ապագայում պետք է վերանա, հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը.

«Տասնամյակներ շարունակ Միացյալ Նահանգները «Գրին քարտ» է շնորհել հսկայական թվով մասնագիտական նվազագույն գիտելիքներ ունեցող մարդկանց»: Այս մասին տեղեկանում ենք amerikayidzayn.com-ից:

ԱՄՆ-ի նախագահը հայտարարել է նոր՝ RAISE, թարգմանաբար՝ ՎԵՐԵԼՔ կոչվող օրինագծի աջակցության մասին, որն արմատական բարեփոխումների է ենթարկելու ներկա ներգաղթային քաղաքականությունը.

«Մեր ներկայիս համակարգը կփոխարինվի միավորների համակարգով: «Գրին քարտ» ստանալու առաջնահերթություն կստանան անգլերեն լեզվին տիրապետող, սեփական ծախսերը հոգալու հնարավորություն ունեցող եւ մասնագիտական հմտություններ ունեցող մարդիկ»:

Կոնգրեսում հավանություն ստանալու դեպքում օրենքը կվերացնի «Գրին քարտ»-ի խաղարկությունը եւ կսահմանափակի կրթություն եւ մասնագիտական հմտություններ չունեցող մարդկանց «Գրին քարտ» ստանալու հնարավորությունը: Օրենքի համահեղինակ սենատոր Թոմ Քոթոնի խոսքով, Միացյալ Նահանգները ամեն տարի մեկ միլիոնից ավելի մարդկանց ԱՄՆ-ում մշտական բնակության եւ աշխատանքի իրավունք է շնորհվում. «Սակայն, յուրաքանչյուր 15 ներգաղթյալներից միայն մեկն է ԱՄՆ-ում մշտական բնակություն հաստատում իր գիտելիքների եւ մասնագիտական հմտությունների շնորհիվ: Արդյունքում` տուժում են ԱՄՆ-ում բնակվող ֆիզիկական աշխատանք կատարող քաղաքացիները, որոնց աշխատանքն ավելի ցածր աշխատավարձով պատրաստ են կատարել նորեկները »:

Օրենքի մյուս համահեղինակ սենատոր Դեյվիդ Փերդյուն ընդգծում է, որ ներկայումս Միացյալ Նահանգներում մշտական բնակության եւ աշխատանքի իրավունք ստացող ներգաղթյալների կեսից ավելին ներգաղթելուց անմիջապես հետո սկսում են ԱՄՆ-ից ստանալ անապահովների համար նախատեսված նպաստ: Փոխարենը նոր համակարգը Միացյալ նահանգներ ներգաղթելու հնարավորություն կտա առավել կրթված եւ հմուտ անձնավորություններին: «Մենք փոխառում ենք Կանադայի եւ Ավստրալիայի փորձը, որն իրականում ավելի խելամիտ է եւ օգնում ներգաղթյալների շնորհիվ զարգացնել տնտեսությունը»,- ասում է սենատորը:

Նշենք, որ Կանադան եւ Ավստրալիան մշտական բնակության եւ աշխատանքի իրավունք են շնորհում մրցակցային կարգով: Մասնավորապես` հաշվի է առնվում անգլերենի, իսկ Կանադայի դեպքում նաեւ ֆրանսերենի իմացության աստիճանը, տարիքը՝ առավելություն ունեն 18-ից 45 տարեկանները, կրթությունը եւ մասնագիտական հմտությունները: Օրինակ` Ավստրալիայում մշակված է մասնագիտությունների ցուցակ, որոնց տիրապետողներն առավելություն են ստանում երկիր ներգաղթելու համար: Առավել մեծ պահանջարկ ունեցող մասնագիտությունների թվում են բժշկությունն ու ինժեներական գիտելիքները:

Ընդհանուր առմամբ, սենատոր Փերդյուի խոսքով, փոփոխության արդյունքում կշահեն կրթված եւ հմուտ մարդիկ, ովքեր ցանկանում են Միացյալ Նահանգներ տեղափոխվել, քանի որ նրանց այլեւս անհրաժեշտ չի լինելու մրցակցել կրթություն եւ մասնագիտական հմտություններ չունեցող տասնյակ այլ թեկնածուների հետ:

Лента

Рекомендуем посмотреть