Հուրգադայում դանակահարված հայ կնոջ վիճակը բարելավվել է - RadioVan.fm

Онлайн

Հուրգադայում դանակահարված հայ կնոջ վիճակը բարելավվել է

2017-08-11 14:57 , Общество, 1211

Հուրգադայում դանակահարված հայ կնոջ վիճակը բարելավվել է

Եգիպտոսի Հուրգադա հանգստավայրում հուլիսի 14-ին չարագործի դանակահարումների հետևանքով վիրավորում ստացած հայ զբոսաշրջիկի՝ 46-ամյա կնոջ վիճակը կայուն ծանր է` համապատասխանող ստացած վիրավորումներին և տարած վիրաբուժական միջամտություններին (երեք անգամ իրականացվել է որովայնահատում)։Կնոջ ստացած 18 վիրավորումից 3-ը եղել է թափանցող, ինչից վնասվել են լյարդը, ստոծանին, միջընդերքի անոթները, պլևրալ խոռոչներում առաջացել են արյան կուտակումներ։ Այդ մասին ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի հետ հանդիպմանը տեղեկացրել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի ընդհանուր և կրծքային վիրաբուժության կլինիկայի ղեկավար, պրոֆեսոր Արտակ Հովհաննիսյանին, ով օգոստոսի 3-ին գործուղվել էր Կահիրե՝ մեր հայրենակցի առողջական վիճակին տեղում ծանոթանալու և անհրաժեշտության դեպքում մասնագիտական աջակցություն ցուցաբերելու նպատակով։

ՀՀ առողջապահության նախարարության մամլո ծառայությունից հայտնում են, որ հայ վիրաբույժը եգիպտացի տարբեր մասնագետների հետ իրականացրել է երեք կոնսիլիում։ Քննարկելով տուժածի վիճակը` նշանակվել են լրացուցիչ հետազոտություններ, որոնց արդյունքներով կատարվել են կոնսերվատիվ բուժման լրացումներ։ Դրանց արդյունքում, հաջորդ օրվանից սկսած, հիվանդի մոտ նկատվել է վիճակի դրական դինամիկա։ Սկսել են գործել աղիները, ինտոկսիկացիոն երևույթները նկատելիորեն պակասել են։

«Հիվանդի մոտ առկա են շնչառական անբավարարության որոշակի խնդիրներ, քանի որ պլևրալ 2 խոռոչում կային հեղուկային կուտակումներ և վիրավորման հետևանքովկայացած արյունահոսության ֆոնի վրաորոշակի արյան մակարդուկներ ձախ պլևրալ խոռոչում։ Ենթալյարդային տեղակայմամբ դրենաժային խողովակից մեկ օրվա ընթացքում կուտակվել էր 450-500մլ լեղային արտադրություն»,-նախարարի հետ հանդիպմանը ներկայացրել է պրոֆեսորը` հավելելով, որ Եգիպտոսում ՀՀ դեսպանությունից ստացված տեղեկատվությամբ վիրավորումներ ստացած ՀՀ քաղաքացին օգոստոսի 9-ին վիճակի բարելավումով ինտենսիվ թերապիայի բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ։

Բժիշկն ընդգծել է, որ հիվանդը գտնվում է Եգիպտոսում ՀՀ դեսպանության և հատկապես հյուպատոս Ստեփան Գևորգյանի մշտական ուշադրության և հոգացության կենտրոնում։ Նրա խոսքով՝ հիվանդի տեղափոխման հարցը կքննարկվի նրա վիճակի հետագա որոշակի բարելավումից հետո։

Լևոն Ալթունյանը պրոֆեսոր Արտակ Հովհաննիսյանին շնորհակալություն է հայտնել քաղաքացիական և մասնագիտական անգնահատելի աջակցության համար՝ միաժամանակ ընդգծելով, որ նրա մեկնումը Կահիրե նաև հոգեկան մեծ սատարում էր տուժած հայ կնոջը:

Հիշեցնենք՝ հուլիսի 14-ին դանակով զինված տղամարդը հարձակվել էր Հուրգադայումլողափին հանգստացողների վրա: Միջադեպի արդյունքում տուժել էր վեց մարդ՝ այդ թվում ՀՀ 2 քաղաքացի, զոհվել 3 մարդ: Հանցագործը վնասազերծվել էր մեր վիրավոր քաղաքացու օժանդակությամբ։

Лента

Рекомендуем посмотреть