Կոչ է արվում Խաղողօրհնեքին եկեղեցիներում ագահություն չանել - RadioVan.fm

Онлайн

Կոչ է արվում Խաղողօրհնեքին եկեղեցիներում ագահություն չանել

2017-08-11 20:50 , Общество, 1482

Կոչ է արվում Խաղողօրհնեքին եկեղեցիներում ագահություն չանել

Այս կիրակի՝ օգոստոսի 13-ին Հայ Առաքելական Եկեղեցին տոնելու է Սուրբ Մարիամ Աստվածածնի վերափոխման տոնը: Այն եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է, Տիրամորը նվիրված տոներից ամենահինը:

Տոնի առիթով բոլոր եկեղեցիներում նույն ժամին պատարագ է մատուցվելու, ավարտին օրհնվելու է խաղողը, ընթերցվելու է աղոթ, ապա օրհնված խաղողը բաժանվելու է ժողովրդին:

Բոլոր պտուղներից առավել օրհնվում է խաղողի ողկույզը, քանի որ Տերը խաղողի որթը ամենազորավոր ծառերից ավելի վեր բարձրացրեց և պատվեց առավել, քան մյուս տնկիները՝ Իրեն Խաղողի որթ անվանելով՝ ըստ այն խոսքի, թե. «Ես եմ ճշմարիտ որթատունկը» (Հովհ. 15:1):

Արարատյան Հայրապետական թեմի Քանաքեռի Ս. Հակոբ եկեղեցու խորհրդակատար Տ. Շմավոն քահանա Ղևոնդյանի խոսքով՝ խաղողըեկեղեցի են տանում հոժար կամքով այն նվիրաբերող հավատացյալները ու հենց այդ խաղողն էլ մատուցվում է մարդկանց: Տեր Շմավոնը տոնակատարությանը մասնակցել ցանկացողներին կոչ է անում ագահություն չանել՝ վերցնելով մեկ ճութ խաղող, քանի որ օրհնվում է ոչ միայն եկեղեցի ընծայված խաղողը, այլ՝ աղոթքով հայցվում է Աստծո օրհնությունը բոլոր պտուղների համար՝ քաղված, դաշտում գտնվող ու քաղվելիք:

Նշենք նաև, որ Ս. Աստվածածնի Վերափոխմանտոնի նախօրեին՝ օգոստոսի 12 –ին, ժամը 11:00-ին, Հայրապետական թեմի մի խումբ երիտասարդներ երիտասարդաց միությունների համակարգող Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ կայցելեն «Քանաքեռ-Զեյթուն» ծննդատուն՝ Մկրտության խորհուրդը նորածիններին ու նրանց ընտանիքներին փոխանցելու նպատակով: Երիտասարդները կենտրոնի նորածինների մայրերին և մայրության բերկրանքին սպասող կանանց կնվիրեն մկրտության սրբիչներ, օրհնված խաչեր, նարոտներ և թերթոններ: Այս նախագիծն արդեն ավանդույթ է դարձել, արդեն մի քանի տարի է՝ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմի երիտասարդաց միությունների անդամներն հաջողությամբ այն իրականացնում են:

Խաղողօրհնեքի տոնին հաջորդելու է ննջեցյալների հիշատակման օրը. օգոստոսի 14-ին հանգուցյալների հոգիների հանգստության համար եկեղեցիներում կմատուցվի հոգեհանգստյան սուրբ պատարագ:

Лента

Рекомендуем посмотреть