Խոսրովի անտառում օգոստոսի 12-ից բռնկված և մինչև այսօր շարունակվող հրդեհի հետևանքով խոշոր կաթնասունները, թռչունները չեն տուժել և արգելոցի այլ տարածքներ են տեղափոխվել: Այդ մասին տեղեկացրել է Բնապահպանության նախարարության Կենսառեսուրսների գործակալության բնության հատուկ պահպանվող տարածքների և դենդրոպարկերի կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանը:
Բնապահպանության նախարարի մամուլի խոսնակ Մարինե Կարապետյանը փոխանցելով Աղասյանի հետ զրույցի մանրամասները՝նշում է, որ հիմնականում չթռչող միջատները, սողունները, կրծողներն են տուժել հրդեհից:
Մասնագետը նաև նշել է, որ սրանք նախնական տվյալներն են, հիմնական ուսումնասիրությունները և հաշվարկները կկարտարվեն արդեն հրդեհաշիջման աշխատանքների ամբողջական ավարտից հետո: Աղասյանը պարզաբանել է, որ հրդեհն ընդգրկած 2,5-3 հազար հա գոտում անգամ կան տարածքներ՝ ավազուտներ, կղզյակներ, որտեղ կենդանիները կարող էին պատսպարվել կրակից:
Հավելենք, որ ԱԻՆ լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ արգելոցում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են, ժամը 16:12-ին ռուսական օդանավն իրականացրել է իններորդ թռիչքը: Արգելոցում դեռ առկա են 4-5 ծխացող օջախներ: