Հոգեբան Ռուբեն Պողոսյանի սպանության մեջ մեղադրվող անձը անմեղսունակ է ճանաչվել - RadioVan.fm

Онлайн

Հոգեբան Ռուբեն Պողոսյանի սպանության մեջ մեղադրվող անձը անմեղսունակ է ճանաչվել

2017-09-05 18:08 , Право, 1909

Հոգեբան Ռուբեն Պողոսյանի սպանության մեջ մեղադրվող անձը անմեղսունակ է ճանաչվել

«ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի գիտական ղեկավար, պրոֆեսոր Ռուբեն Պողոսյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ստացվել է մեղադրյալի նկատմամբ նշանակված դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությունը: Փորձագետների եզրակացության համաձայն՝ հոգեբանին կյանքի համար վտանգավոր վնասվածքներ պատճառելու մեջ մեղադրվող անձը չի գիտակցել իր գործողությունների վտանգավորությունը. նա ճանաչվել է անմեղսունակ: Այդ մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:

Հոգեբան Ռուբեն Պողոսյանը կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածքներով Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց բուժօգնության էր տեղափոխվել 2017 թվականի հուլիսի 17-ին, որտեղ օրեր անց՝ հուլիսի 20-ին, մահացել է:

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով պարզվել է, որ պրոֆեսորը ծանր մարմնական վնասվածքներն ստացել է իր աշխատասենյակում, հոգեբանական կենտրոնի այցելու, 1983թ. ծնված Հ. Համբարձումյանի կողմից։

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա` 1983թ. ծնված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 14-րդ կետերով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու ուղղությամբ ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ, այդ թվում՝ նշանակվել դատահոգեբուժական ստացիոնար փորձաքննություն՝ մեղադրյալի հոգեկան վիճակը, այդ թվում՝ մեղսագրվող արարքը կատարելու պահին, պարզելու համար:

Համաձայն ստացված եզրակացության՝ Հ.Համբարձումյանը տառապել և տառապում է «Շիզոֆրենիա պարանոիդ ձև ցնորազառանցական համախտանիշ» հոգեկան հիվանդությամբ և իրավախախտումը կատարելիս գտնվել է հոգեկան հիվանդագին խանգարվածության վիճակում, արարքը կատարել է ցնորազառանցական ապրումների ազդեցության ներքո, որը զրկել է նրան գիտակցել իր գործողությունների վտանգավորությունը և ղեկավարել դրանք: Փորձագետների գնահատմամբ՝ ներկայումս նա նույնպես չի կարող գիտակցել իր գործողությունների վտանգավորությունը և ղեկավարել դրանք: Ուստի՝ իրեն մեղսագրվող արարքի նկատմամբ նրան ճանաչել են անմեղսունակ:

Քննիչը որոշում է կայացրել քրեական գործով Հ.Համբարձումյանի նկատմամբ հարուցել բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու վարույթ: Միջնորդություն է ներկայացվել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` մեղադրյալին հոգեբուժական հիվանդանոցում տեղավորելը որպես անվտանգության միջոց կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Лента

Рекомендуем посмотреть