Հայաստանը 2040 թվականին պետք է ունենա առնվազն 4 միլիոն բնակիչ. Ս. Սարգսյան - RadioVan.fm

Онлайн

Հայաստանը 2040 թվականին պետք է ունենա առնվազն 4 միլիոն բնակիչ. Ս. Սարգսյան

2017-09-18 14:44 , Общество, 1268

Հայաստանը 2040 թվականին պետք է ունենա առնվազն 4 միլիոն բնակիչ. Ս. Սարգսյան

Հասունացել է հայրենադարձության կազմակերպման հարցի շուրջ լրջորեն քննարկում ծավալելու պահը: Այս մասին այսօր Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովում իր ելույթի խոսքում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ ընդգծելով, որ ոտքերի վրա ամուր կանգնած մեր հայրենիքն այսօր ուժ և կամք ունի վերջապես մշակելու Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ռազմավարական զարգացման հայեցակարգը:

«Մայր Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է՝ անկախ քաղաքական և այլ կողմնորոշումներից: Մենք ճանաչում և արժևորում ենք սփյուռքն իր բազմաշերտ էության մեջ: Վերջին տարիներին տարբեր առիթներով ես հանդիպել եմ մեծ հաջողությունների հասած կամ դեռ այդ ճանապարհին գտնվող բազմաթիվ երիտասարդների, տեսնում եմ նրանց ավյունը իրենց հայրենիքին օգտակար լինելու հարցում: Մենք պետք է նոր ուղիներ գտնենք նրանց ներգրավվածությունը ապահովելու համար: Մենք արձանագրում ենք, որ ժողովրդագրական միտումները մեր երկրում խիստ մտահոգիչ են և հետևանք են քառորդդարյա օբյեկտիվ և սուբյեկտիվ բազմաթիվ գործոնների։ Առաջիկա բոլոր տարիների մեր քայլերն ուղղվելու են Հայաստանում բնակչության բնական աճի տեմպերի ավելացմանը, արտագաղթի և ներգաղթի հարաբերակցության էապես վերափոխմանը»,-ասել է նախագահը՝ նշելով, որ նպատակն է, որպեսզի Հայաստանը 2040 թվականին ունենա առնվազն 4 միլիոն բնակիչ:

«Ակնհայտ է, որ միայն ծնելիության մակարդակի ավելացման, մարդկանց կյանքի տևողության երկարացման և ժողովրդագրական պատկերը բարելավող մյուս քայլերով մենք այդ նպատակին դժվարությամբ կհասնենք, հետևաբար, նպատակադրումը ենթադրում է գալիք 25 տարիների ընթացքում դեպի Հայաստան ներգաղթի լուրջ ցուցանիշների ձեռքբերում,-նշել է Սերժ Սարգսյանը, ում խոսքով Հայաստան-Սփյուռք հաջորդ համաժողովները լինելու են «4 միլիոնանոց Հայաստան» ծրագրի համահայկական քննարկման հավաքն ու դրա իրականացման ընթացքի իրական սկիզբը։

Նախագահը նաև անդրադարձել է Սփյուռքի ներդրունմային ուժը Հայաստան ուղղելուն. «Մի քայլ առաջ պետք է անենք և դեպի Հայաստան ուղղենք նաև սփյուռքի այն ներդրումային ուժը, որը ցանկանում է գործարարությամբ զբաղվել և շահույթ ստանալ՝ զուգահեռաբար շենացնելով մեր երկիրը, աշխատատեղեր ստեղծելով, աջակցելով սոցիալական կապիտալի զարգացմանը և ի վերջո՝ հայրենադարձությանը: Սփյուռքահայ մեր քույրերի ու եղբայրների ներգրավումը թույլ կտա նաև հարստացնել ու զարգացնել մեր հայաստանյան գործարար մշակույթը, կբարձրացնի երկրի գրավչությունը արտաքին շուկաների համար, ընկալելիությունը աշխարհում, կբազմապատկի մեր հարստությունը: Կառավարությունը բոլոր բիզնես ծրագրերին, անկախ ներդրումային ծավալից, ամենայն աջակցություն ցուցաբերելու հանձնառություն է ստանձնել»,-հավելել է երկրի նախագահը:

Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովը մեկնարկել է այսօր և աշխատանքները կամփոփի սեպտեմբերի 20-ին: Այս առիթով Հայաստանում են 1800-ից ավելի սփյուռքահայեր՝ աշխարհի 71 երկրից: Համաժողովի օրակարգում ներառված են հայրենիքի անվտանգության և պաշտպանության, արտաքին քաղաքականության, տնտեսական զարգացման և հայապահպանության խնդիրները:

Лента

Рекомендуем посмотреть