Онлайн

Ի՞նչ հանրագումարի եկան աշխարհասփյուռ հայերը

2017-09-20 18:06 , Политика, 161

Ի՞նչ հանրագումարի եկան աշխարհասփյուռ հայերը

Հայաստան-Սփյուռք եռօրյա համահայկական համաժողովի մասնակիցներն այսօր հանդես են եկել ընդհանուր հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասված է.

Մենք՝

Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման, 1918թ. մայիսյան հերոսամարտերի 100-ամյա հոբելյանների և Երևանի հիմնադրման 2800-ամյակի նախաշեմին Երևանում գումարված «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» խորագրով Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի մասնակիցներս՝

Առաջնորդվելով Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման գործում ողջ հայության ներուժի համախմբման, շարունակական երկխոսության և բազմաշերտ ներգրավման հրամայականով,

Կարևորելով ազգային նպատակադրումների համատեղ ամրագրումը, դրանց կենսագործման համար ծրագրերի մշակումը, տարբեր միջոցներով յուրաքանչյուրի մասնակցության համար հնարավորության ընձեռումը և արդյունքների համար հայության համահավաք պատասխանատվության գիտակցումը,

Նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության հզորացումը և անվտանգության ամրապնդումը, ժողովրդավարական հաստատությունների ու կառավարման համակարգերի առավել ուժեղացումը, տնտեսական վերընթաց զարգացումը, ժողովրդի կենսամակարդակի բարձրացումը, հոգևոր, կրթական ու մշակութային առաջընթացը, աշխարհասփյուռ հայկական համայնքներում ազգային ինքնության պահպանությունը և մշակութային զարգացումը Հայաստան-Արցախ-Սփյուռք միասնության և ողջ հայ ժողովրդի հավաքական նպատակների իրականացման գրավականն են,

Կենսական նկատելով ազգային ինքնության պահպանման գործում հոգևոր, բարոյական ավանդական արժեքների շուրջ համախմբումը, հայ ընտանիքի ամրապնդումը և ծնելիության աճի խթանումը,

Վերահաստատելով մեր համազգային պատասխանատվությունն Արցախի ժողովրդի` սեփական ճակատագիրն ազատ տնօրինելու անքակտելի իրավունքի իրացման, ժողովրդավարության զարգացման և միջազգային հանրությանը լիիրավ ինտեգրման հարցերում,

Գիտակցելով Հայաստանի, Արցախի և Սփյուռքի առջև առկա և հնարավոր նոր մարտահրավերներին միասնաբար` պետության, հայ եկեղեցու, համահայկական կառույցների ևհամայնքային կազմակերպությունների ջանքերի համադրմամբ արձագանքելու և համահայկական խնդիրները համատեղ ուժերով լուծելու անհրաժեշտությունը,

Համոզված լինելով, որ փոփոխվող աշխարհում Սփյուռքի համայնքների դինամիկ զարգացումը հնարավորություն է տալիս նորովի մասնակցություն բերելու Հայաստանի և Արցախի տնտեսական ու մշակութային զարգացմանը՝ այդպիսով նպաստելով հզոր հայրենիքի կառուցմանը,

Փաստելով, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունումամրագրված է հայապահպանմանն ուղղված քաղաքականություն վարելու և հայրենադարձությանը համակողմանիորեն նպաստելու պետության առաքելությունը, որը նոր որակ և բովանդակություն է հաղորդելու Հայրենիք-Սփյուռք հարաբերություններին,

Հավաստելով, որ իր իրավունքների պաշտպանության ու արդարության վերականգնման համար հայության պայքարը հիմնված է համամարդկային արժեքների վրա և հանդիսանում է մեր համազգային գործակցության առանցքային ուղենիշներից մեկը,

Ողջունելով Համահայկական խորհրդի՝ որպես համազգային առաջնահերթությունների ճշգրտման, ազգային ներուժի մեկտեղման և բարձր մակարդակի ռազմավարական երկխոսության հարթակի ձևավորման գործընթացը,

Հավատարիմ մնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Համահայկական հռչակագրի սկզբունքներին,

Վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ միասնաբար և փոխադարձ պատասխանատվությամբ, մարդկային, նյութական և հոգևոր ներուժի համախմբմամբ առավել ամրապնդել Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը` այն ուղղորդելով հետևյալ նպատակների և խնդիրներիիրագործմանը.

Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության հզորացմանը, անվտանգության ամրապնդմանը, բարգավաճմանը, աշխարհասփյուռ հայկական համայնքների համախմբմանը, ազգային ինքնության պահպանմանը, ինչպես նաև հայրենադարձության քաջալերմանը,

Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ և արդարացի հանգուցալուծմանը, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացման միջազգային ճանաչմանը,

Օսմանյան կայսրության և Թուրքիայի տարբեր վարչակարգերի կողմից պետականորեն ծրագրված և իրագործված Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման և դրա հետևանքների վերացման ուղղությամբ առավել համակարգված և միասնական քաղաքականությանիրականացմանը, ցեղասպա-նությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կանխարգելման նպատակով միջազգային հանրության պայքարի առաջնագծում հաստատուն դիրքի պահպանմանը` այդ համարելովորպես ցեղասպանություն վերապրած ժողովրդի` համամարդկային արժեքների և միջազգային իրավունքի վրա խարսխված բարոյական պարտք ողջ միջազգային հանրության առջև,

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված գործընթացում իրազեկվածության առավել բարձրացմանը, պատմական հիշողության պահպանման ու փոխանցման կարևորմանը եւ այդ հանցագործության ժխտման, նսեմացման դեմ պայքարի իրականացմանը՝ այդ թվում իրավունքի ուժով,

Հայաստանի պաշտպանվածության ամրապնդմանը, զինված ուժերի ռազմատեխնիկական, տեխնոլոգիական և մասնագիտական ներուժի արդիականացմանը, ռազմաարդյունաբերական համալիրի զարգացմանը` որպես տնտեսության զարգացման և տեխնոլոգիական առաջընթացի շարժիչ ուժ և «Ազգ-Բանակ» հայեցակարգի կենսագործման առանցքային ուղղություն,

Աշխարհի տեղեկատվական տարբեր հարթակներում հայատյացության և հակահայ քարոզչության փորձերի դեմ միասնական պայքար ծավալելու և նման քաղաքականության ազդեցության չեզոքացման ուղղությամբ գործնական ծրագրերի և համակարգված գործունեության շարունակական իրականացմանը,

Երիտասարդության շրջանում ազգային ինք¬նության հավաքական որակների տարածմանն ու ամրապնդմանը, հայ դպրոցի զորացմանը, հայ սերունդներին հայկականության ոգով դաստիարակմանը, հայեցի կրթության գործում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը, հայրենաճանաչության նոր ծրագրերի մշակմանն ու իրականացմանը,

Հայության մեջ սիրո, համերաշխության, հանդուրժողականության, վստահության և միասնության ամրապնդմանը, հայ մարդու անվտանգ ու արժանապատիվ կյանքի համար բարենպաստ միջավայրի ապահովմանը,

Հայկականհամայնքների առջև ծառացած մարտահրավերների դիմագրավման ու հաղթահարման և հնարավոր այլ մարտահրավերների բացահայտման ուղղությամբ ջանքերի համադրմանը,

Մերձավոր Արևելքի և, մասնավորապես, ծանր փորձությունների միջով անցնող Սիրիայի հայությանը համակողմանի աջակցության ցուցաբերմանը, այդ տարածաշրջանում հայկական հաստատությունների, պատմամշակութային կոթողների և մշակութային արժեքների պահպանմանը,

Հայաստանի, Արցախի բնակավայրերի (հատկապես՝ սահմանամերձ) կենսագործունեության տարբեր ոլորտների զարգացմանն ուղղված ծրագրերի մշակմանը և իրականացմանը,

Հայաստանի և Արցախի վերաբերյալ միջազգային իրազեկվածության բարձրացմանը, այդ նպատակով համահայկական օրակարգի ձևավորմանը և դրա լուծման ուղղություններով միասնական քաղաքականության մշակմանը և իրականացմանը` նոր և ավանդական կառույցների միջոցով,

Տարբեր երկրներում հայկական պատմամշակութային ժառանգությունը պահպանելու, աշխարհում հայկական մշակույթը պատշաճ կերպով ներկայացնելու, հայկական համայնքների ինքնակազմակերպմանուղղությամբ միասնական ջանքերի գործադրմանը,

Արևմտահայերենի պահպանման, տարածման, Սփյուռքում հայոց լեզվի և հայագիտական առարկաների դասավանդման աջակցության նպատակով Հայաստանի և Սփյուռքի մասնագիտական ներուժի համախմբմանը:

Համաժողովի մասնակիցներս լիահույս ենք, որ Հայաստանի, Արցախի և Սփյուռքի բոլոր կառույցները, երիտասարդության լայն ներգրավմամբ, պատշաճորեն կնշեն Հայաստանի առաջին Հանրապետության ու Մայիսյան հերոսամարտերի 100-ամյա, ինչպես նաև քաղաքամայր Երևանի հիմնադրման 2800-ամյա հոբելյանները:

Սույն ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ երաշխավորում ենք որպես ուղենիշ ողջ հայության, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պետական մարմինների, հայ եկեղեցու, համահայկական, համայնքային կառույցների ու կազմակերպությունների համար՝ հետամուտ լինելու համահայկական նպատակների իրականացմանը:

ՀԱՅԱՍՏԱՆՍՓՅՈՒՌՔ 6-ՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ

Երևան - 20.09.2017թ.

Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովը մեկնարկել է սեպտեմբերի 18-ին՝ աշխատանքներն ամփոփելով այսօր՝ սեպտեմբերի 20-ին: Այս առիթով Հայաստանում էին 1800-ից ավելի սփյուռքահայեր՝ աշխարհի 71 երկրից: Համաժողովի օրակարգում ներառված էին հայրենիքի անվտանգության և պաշտպանության, արտաքին քաղաքականության, տնտեսական զարգացման և հայապահպանության խնդիրները:

Лента

Рекомендуем посмотреть