Онлайн

Տիգրան Համասյանը մեծ համերգով կներկայանա Գյումրիում

2017-09-21 21:47 , Культура, Шоу бизнес, 381

Տիգրան Համասյանը մեծ համերգով կներկայանա Գյումրիում

«Համասյանի երաժշտությունը տարածություն չի ճանաչում, ամբողջ Հայաստանից կլինեն հյուրեր»

Նոյեմբերի 11-ին Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում մեծ համերգով կներկայանա հանրաճանաչ ջազ դաշնակահար, գյումրեցի Տիգրան Համասյանը։ Թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանի խոսքով` Տ.Համասյանի համերգը կազմակերպվում է հանուն Գյումրու դրամատիկական թատրոնի աջակցման հիմնադրամի:

Մի քանի տարի առաջ Տ.Համասյանը բարեգործական համերգով ներկայացավ Գյումրու «Ֆանտաններ» կոչվող թաղամասում, համերգի հասույթն ուղղվեց անօթեւան ընտանիքների պայմանների բարելավմանն ու բնակարանների գնմանը:

«Համասյանը, իմանալով խնդրի մասին, համաձայնել է օժանդակել եւ օգնել, իր լուման բերելու: Համասյանն իսկական գյումրեցի է, սիրում է իր քաղաքը, ապրում է իր քաղաքով, իր քաղաքի ցանկացած ստեղծագործողի խնդիր համարում է իր խնդիրը: Վստահ եմ, որ ամբողջ Հայաստանից կլինեն հյուրեր, Համասյանի երաժշտությունը տարածություն չի ճանաչում»,-ասում է Տ.Վիրաբյանը:

Տ.Համասյանը ծնվել է 1987 թվականին` Գյումրիում։ Դեռ մանուկ հասակից շատ է սիրել երաժշտությունը։ Այդ հետաքրքրությունը նրա մոտ երկու տարեկանից է ծագել, իսկ յոթ տարեկանում ավելի է արտահայտվում նրա սերը ջազի նկատմամբ, իսկ կարեւորագույն զբաղմունքներից մեկը դառնում է ջազ լսելը։ Նա 2006 թվականին աշխարհահռչակ Մոնքի անվան միջազգային ջազ մրցույթի (Thelonious Monk International Jazz Competition) հաղթողն է ճանաչվել։

Գյումրու դրամատիկական թատրոնի աջակցման հիմնադրամի միջոցների հավաքագրման համար հոկտեմբերի 8-ին Գյումրու թատրոնը խաղալու է «Լիր արքա» ներկայացումը, իսկ հոկտեմբերի 15-ին Գյումրիում «Սուպեր մամա-2» կինոֆիլմի առաջնախաղն է կայանալու: Թատրոնի տնօրենն ասում է, որ ստեղծագործական անձնակազմը համաձայնել է ողջ հասույթը տրամադրել Գյումրու դրամատիկական թատրոնի աջակցման հիմնադրամին:

Այս հիմնադրամի նպատակն է՝ ներդրումային եւ նորարարական քաղաքականության արդյունքում բարելավել Գյումրու թատրոնի նյութական վիճակը:

Հիմնադրամին առաջին գումարը փոխանցել է մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը` մեկ ամսվա աշխատավարձը` 600 հազար ՀՀ դրամից ավել, աշխատավարձից որոշակի մաս փոխանցել է նաեւ ԱԺ պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը, հիմանդրամին աջակցում են նաեւ երեւանաբնակ արվեստագետներ, տեղի իշխանությունը դեռեւես ներդրում չի կատարել:


Աղբյուր՝ Asparez.am

Лента

Рекомендуем посмотреть