Онлайн

Կաթողիկոսը շքանշաններ է հանձնել «Խոստում» ֆիլմի հեղինակներին

2017-09-25 15:35 , Культура, Шоу бизнес, 159

Կաթողիկոսը շքանշաններ է հանձնել «Խոստում» ֆիլմի հեղինակներին

Հայոց Ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանը և ֆիլմի ռեժիսոր Թերի Ջորջն արժանացել են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո բարձր շքանշանի։ Այն ֆիլմի հեղինակներին է շնորհել Ամենայն Հայոց Կաթողիկով Գարեգին երկրորդը՝ նախօրեին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նորաբաց «Գարեգին Ա» կրթական կենտրոնում կայացած շքանշանների հանձնման արարողությանը:

Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել ազգային հերոս, մեծ բարերար Քըրք Քըրքորյանի տեսիլքի իրագործման համար ներդրված ջանքերը։ «Բազում փորձեր են արվել նկարահանելու Հայոց Ցեղասպանությանը նվիրված ֆիլմ և բնավ դյուրին չէ նման մեծածավալ, մոնումենտալ մի գործ իրականացնել»,-նկատել է Նորին Սրբությունը՝ ընդգծելով, որ բոլորը մասնավոր ապրումներով ու զգացումներով են դիտել ֆիլմը, որովհետև ամենքի իղձն ու ցանկությունն էր ունենալ այնպիսի մի ֆիլմ, որը մարդկությանը ֆիլմարվեստի ճանապարհով կներկայացներ հայ ժողովրդի այն մեծ ողբերգությունը, որ իրագործվեց Օսմանյան Թուրքիայի կողմից, երբ մեկուկես միլիոն հայորդիներ նահատակվեցին իրենց պատմական հայրենիքում, իսկ մնացյալը հայրենազրկվեցին։

«Աստծու ողորմությամբ հայ ժողովուրդը շնորհիվ իր հավատքի և մեծ կամքի կարողացավ վերապրել այդ ողբերգությունը և երեք տարի անց Սարդարապատում պարտության մատնել ցեղասպան թուրքի կանոնավոր բանակին»,-ասել է Գարեգին Երկրորդը՝ իր աղոթքն ու բարեմաղթանքներն ուղղելով ֆիլմի պրոդյուսերին և ռեժիսորին՝ նորանոր ներշնչանքներով արգասավորելու իրենց կյանքը և շարունակելու բարի գործեր մատուցել համայն մարդկությանը։

Քըրք Քըրքորյանի հովանավորությամբ նկարահանված «Խոստում»-ը (անգլ.՝ The Promise) Հայոց ցեղասպանության մասին պատմող պատմական դրամա է, հիմքում սիրո պատմություն է, որի դեպքերը զարգանում են ցեղասպանության տարիներին։

Ֆիլմի ռեժիսորը օսկարակիր Թերի Ջորջն է։ Գլխավոր դերերում հանդես են եկել Քրիստիան Բեյլը, Օսկար Այզեկը, Շառլոտա Լե Բոնը, Անժելա Սարաֆյանը, Ջեյմս Քրոմվելը եւ ուրիշներ, իսկ կինոնկարի սաունդթրեքը գրել է աշխարհահռչակ հայ երաժիշտ Սերժ Թանկյանը։

«Խոստում» ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2016 թվականի սեպտեմբերի 11-ին՝ Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի ժամանակ:

Հայաստանում ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2017 թվականի ապրիլի 27-ին: Ֆիլմը ցուցադրվել է հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով:

Лента

Рекомендуем посмотреть