«Այս անհեռանկար ընթացքը կասեցնելու ժամանակն է»․ ՀՅԴ - RadioVan.fm

Онлайн

«Այս անհեռանկար ընթացքը կասեցնելու ժամանակն է»․ ՀՅԴ

2019-05-21 14:35 , Политика, 1175

«Այս անհեռանկար ընթացքը կասեցնելու ժամանակն է»․ ՀՅԴ

«Վերջին օրերին երկրում ընթացող զարգացումները և, հատկապես, դատաիրավական համակարգի վերաբերյալ վարչապետ Ն. Փաշինյանի մոտեցումները կրկին մեր հանրային-պետական կյանքի ալեկոծման պատճառ են դարձել»,-այդ մասին քիչ առաջ տարածած հայտարարությունում նշել է Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմինը՝ արձանագրելով․

  • տարբեր հարցերի վերաբերյալ իշխանությունների չկշռադատված, խնդրահարույց և տարակուսանքի տեղիք տվող որոշումները, այլակարծության ագրեսիվ մերժումը թշնամանքի և անհանդուրժողականության մթնոլորտ են ստեղծում, ինչը ջլատում է մեր ժողովրդի հավաքական ներուժը,
  • քաղաքական, հանրային դաշտում դավադիրներ և դավաճաններ փնտրելու մտասևեռումը հարվածի տակ է դնում մեր ազգային անվտանգությունը, համերաշխությունը, Հայաստան-Արցախ միասնությունն ու մեր պաշտպանական համակարգը,
  • վերջին մեկ տարում երկրի քաղաքական իշխանությունն ուներ բավարար լեգիտիմություն, իսկ 2018թ. ԱԺ արտահերթ ընտրություններից հետո լիակատար հնարավորություն հանրային կյանքի բոլոր ոլորտներում, այդ թվում` դատաիրավական համակարգում (դատարաններ, դատախազություն, քննչական մարմիններ, ոստիկանություն) սկսելու բոլորիս կողմից այդքան սպասվող բովանդակային և խորքային փոփոխությունները,
  • ըստ էության չիրացնելով գործող Սահմանադրությամբ և ՀՀ օրենսդրությամբ վարչապետին վերապահված լայն լիազորություններն ու պարտականությունները՝ Փաշինյանը որդեգրել է ժողովրդի գործոնը շահարկող մարտավարություն,
  • դեռևս մեխանիզմներով և բովանդակությամբ անորոշ անցումային արդարադատության նպատակների համար դատական իշխանության կազմաքանդումը վտանգում է մեր երկրի արդարադատության համակարգը։

«Սիրելի՛ հայրենակիցներ, Հ.Յ. Դաշնակցությունը իրավիճակը գնահատում է տագնապեցնող. սխալ ճանապարհով ճիշտ հանգրվանի չենք հասնի։ Ստեղծված իրավիճակի և հետևանքների ամբողջ պատասխանատվության հասցեատերը առաջին հերթին իշխանություններն են։ Այնուամենայնիվ, ոչ ոք իրավունք չունի դիտորդի կարգավիճակով փաստելու, թե ինչպես է մաշվում ու հյուծվում պետությունը, թե ինչպես է ոչ խոհեմ գործելաոճն ու քաղաքական վարքագիծը սասանում մեր պետականության հիմքերը։ Համախմբվելու և այս անհեռանկար ընթացքը կասեցնելու ժամանակն է։ Դաշնակցությունը նախաձեռնում է բոլոր կողմերի հետ քննարկել իրավիճակը լիցքաթափելու, պետականաշինության գործընթացը բնականոն հուն տեղափոխելու, ժողովրդի ակնկալած բարեփոխումներն իրականություն դարձնելու ուղիները։

Մայիսի 23-ին, ժամը 19:00-ին ՀՅԴ-ն հրավիրում է հանրահավաքի՝ ներկայացնելու առկա իրավիճակից դուրս գալու ելքերի վերաբերյալ իր մոտեցումներն ու տեսակետները»,-ասված է ՀՅԴ ՀԳՄ տարածած հայտարարությունում։

Лента

Рекомендуем посмотреть