ԵԽԽՎ համազեկուցողների համար Փաշինյանի կոչը՝ մտահոգիչ, բայց դատական բարեփոխումները՝ առաջնահերթություն - RadioVan.fm

Онлайн

ԵԽԽՎ համազեկուցողների համար Փաշինյանի կոչը՝ մտահոգիչ, բայց դատական բարեփոխումները՝ առաջնահերթություն

2019-05-21 18:24 , Политика, 1383

ԵԽԽՎ համազեկուցողների համար Փաշինյանի կոչը՝ մտահոգիչ, բայց դատական բարեփոխումները՝ առաջնահերթություն

«Քաղաքական շահագրգիռ կողմերը պետք է զերծ մնան այնպիսի գործողություններից ու հայտարարություններից, որոնք կարող են ընկալվել որպես դատարանների վրա ճնշում»,- այդ մասին հայտարարությամբ են հանդես եկել Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Հայաստանի հարցով համազեկուցողները՝ անդրադանալով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատարանների մուտքերն ու ելքերը փակելու վերաբերյալ քաղաքացիներին ուղղված կոչին։

Հիշեցնենք՝ այդ կոչից ելնելով երեկ առավոտյան 8։30-ից մինչև կեսօրվա 13։30-ը քաղաքացիները արգելափակել էին հայաստանյան դատարանների մուտքերը․ դա արձագանքն էր մայիսի 18-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Արցախի ներկա և նախկին նախագահների անձնական երաշավորության հիման վրա Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ որոշումից հետո։

«Դատարանի որոշման հանդեպ կանխակալ վերաբերմունք չունենալով հանդերձ՝ կցանկանայինք ընդգծել, որ դատական համակարգի անկախությունն անհրաժեշտ պայման է օրենքի գերակայության համար, և օրենքի գերակայությունը լավագույնս ապահովվում է քաղաքական դերակատարների կողմից միջամտությունների բացակայության պայմաններում։ Դատարանի կասկածելի թվացող որոշումը վիճարկելու համար առկա են հստակ իրավական ընթացակարգեր, ինչպիսին բողոքարկումն է բարձր ատյանին։ Հարգանքն առ օրենքի գերակայությունը ենթադրում է հարգանք այն բոլոր ընթացակարգերի հանդեպ, որոնք կոչված են պաշտպանելու բոլոր քաղաքացիներին՝ անկախ նրանց ով լինելուց։

Այդուհանդերձ մենք հասկանում ենք, որ դատարանի այս որոշման հանդեպ հանրության արձագանքն ի ցույց է դնում դատական համակարգի նկատմամբ հանրային վստահության տակավին ցածր մակարդակը։ Դատական բարեփոխումներն առաջնահերթություն են մնում, և մենք ողջունում ենք դատական համակարգի հեռահար բարեփոխման՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնառությունը, հատկապես՝ կոռուպցիայի դեմ պայքարի հետ կապված, ինչպես նաև այդ հարցում Եվրոպայի խորհրդի հետ համագործակցելու նրա ցանկությունը»,-ասված է ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողներ Յուլիա Լովոչկինայի և Անդրեյ Շիրցելի հայտարարությունում։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть