Онлайн

«60 տարի բեմում». «Հայի սրտով ֆրանսուհի» Ռոզի Արմենը համերգով հանդես կգա Երևանում

2019-05-22 19:26 , Культура, Шоу бизнес, 225

«60 տարի բեմում». «Հայի սրտով ֆրանսուհի» Ռոզի Արմենը համերգով հանդես կգա Երևանում

Ֆրանսահայ երգչուհի Ռոզի Արմենը Երևանի Ա. Խաչատրյան համերգասրահում մայիսի 25-ին հանդես կգա իր բեմական գործունեության 60-ամյակին նվիրված համերգով՝ Հայաստանի ազգային ռադիոյի էստրադային և սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ։

«60 տարի բեմում» խորագրով համերգիներգչուհին, ով իրեն կոչում է «Հայի սրտով ֆրանսուհի», հանդիսատեսին կներկայացնի տարբեր տարիների սիրված երկու տասնյակից ավելի երգ, կհնչեն նաև նորերը, ինչպես նաև՝ դուետներ:

Ռոզի Արմենը՝ Ռոզի Հովհաննիսյանը, ծնվել է 1939թ․ մայիսի 1-ին, Փարզում, դերձակի ու վարսահարդարի ընտանիքում։ Մայրը՝ ծնունդով Անկարայից, հայրը` Նախիջևանից։ Երգել սկսել է 4 տարեկան հասակից և, չնայած ծնողների ընդդիմությանը՝ չընտրել երգչուհու ճանապարհը, Ռոզին1961թվականին՝ 22 տարեկանում, թողարկում է ֆրանսիական երգերի առաջին ձայնասկավառակը՝ սկիզբ դնելով արտերկյա շրջայցերին․ Բելգիա, Իրան, Թուրքիա, ԱՄՆ, Լիբանան, ԽՍՀՄ:

1965թ. համերգներով հանդես է եկել Մոսկվայում, որտեղ ծանոթացել է բազմաթիվ հանրահայտ հայերի հետ` Տիգրան Պետրոսյան, Հովհաննես Բաղրամյան, Առնո Բաբաջանյան և այլք:

Ֆրանսիական երգի վառ աստղ Ռոզի Արմենը աշխարհի տարբեր բեմերում ֆրանսերեն, իտալերեն, անգլերեն, գերմաներեն, իսպաներեն լեզուներով կատարումների հետ մեկտեղ պարտադիր երգում է նաև հայերեն երգեր:

Երգչուհին մեկ բեմում հայտնվել է այնպիսի համաշխարհային աստղերի հետ, ինչպիսիք են Ժիլբերտ Բեկոն, Շառլ Ազնավուրը և Ջոնի Հոլիդեյը, բազմիցս հանդես է եկել Հուլիո Իգլեսիասի հետ: 1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո մասնակցել է Շառլ Ազնավուրի նախաձեռնած «Քեզ համար, Հայաստան» երգի ձայնագրմանը, որի ամբողջ հասույթը ուղղվել է աղետից տուժածներին:

Ռոզի Արմենը առաջին անգամ Հայաստան է եկել է 1965 թվականին, իսկ վերջին անգամ Հայաստանում երգել է 1991 թվականին:

2014թ. արժանացել է Մոսկվայի «Արմենիա» երաժշտական մրցանակաբաշխության Հատուկ մրցանակի: 2013թ. պարգևատրվել է ՀՀ սփյուռքի նախարարության «Կոմիտաս» շքանշանով, 2015թ.` ՀՀ Պատվո շքանշանով:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть