Փաշինյանի տիկնոջ հետ հանդիպման պահանջով հացադուլ սկսած 73-ամյա Վասպուրականը դադարեցրել է այն - RadioVan.fm

Онлайн

Փաշինյանի տիկնոջ հետ հանդիպման պահանջով հացադուլ սկսած 73-ամյա Վասպուրականը դադարեցրել է այն

2019-05-23 17:36 , Общество, 1022

Փաշինյանի տիկնոջ հետ հանդիպման պահանջով հացադուլ սկսած 73-ամյա Վասպուրականը դադարեցրել է այն

Երեկ առավոտից կառավարության շենքի առջև վարչապետի տիկնոջ հետ հանդիպման պահանջով հացադուլ հայտարարած «Իմ տունը» հիմնադրամի նախագահ 73-ամյա Վասպուրական Դավթյանն այսօր դադարեցրել է հացադուլը։

Աննա Հակոբյանի ղեկավարած «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամից հացադուլավոր Վասպուրականին հայտնել են, որ տիկին Հակոբյանը Ղազախստանից վերադառնալուն պես՝ կհանդիպի նրան։

Հիշեցնենք՝ մասնագիտությամբ տնտեսագետ Վասպուրականը Մոսկվայից Հայաստան է եկել կազմակերպելու «Ֆրանկոֆոն երկրների հայերը՝ փախստական երեխաներին» բարեգործական ակցիան, որի շրջանակում կազմակերպվելու է Շիրակի մարզի նկարիչների և նկարչական դպրոցների աշակերտների գործերի ցուցահանդես-վաճառք, որի հասույթը ուղղվելու է նկարիչներին՝ փախստական երեխաներին ուսուցանելու նպատակով։

Նա «Ռադիո Վան»-ի հետ զրույցում նշել էր, որ պահանջում է հանդիպում Աննա Հակոբյանի հետ՝ նրան իր տված խոստման մասին հիշեցնելու նպատակով։ Վասպուրականը պնդում էր, որ տիկին Հակոբյանը վստահեցրել է, որ կգնի իր նախաձեռնությամբ կազմակերպվելիք ցուցահանդեսի նկարներից մի քանիսը, սակայն մինչ օրս հստակ պատասխան չի տրվել, իսկ հիմնադրամից էլ որևէ կերպ չեն արձագանքում՝ տալով խեղաթյուրված պատասխաններ։

Մինչդեռ, մեր հարցմանն ի պատասխան, հիմնադրամից պարզաբանեցին, որ տիկին Հակոբյանը «խոստումը» չի կատարել այն պատճառով, որ Վասպուրական Դավթյանը դրժել է իրենց՝ նախկինում ձեռքբերված պայմանավորվածությունը, այն է՝ գնել երեխայի նկարը՝ պայմանով, որ գումարը փոխանցվի երեխայի անունով բացված հաշվեհամարին (պարոն Դավթյանը պնդել է, որ երեխայի նկարի գումարը փոխանցվի իր հիմնադրամի հաշվեհամարին)։

«Իմ քայլը» հիմնադրամից միաժամանակ ընդգծել էին, որ պատրաստ են կրկին հանդիպել պարոն Դավթյանին, ձեռք բերել նկարն ինչպես պայմանավորվել են, նաև ջանքեր կգործադրեն, որպեսզի նա դադարեցնի հացադուլը։

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть