Ալեն Սիմոնյանը բուքմեյքերներից պահանջում է հրապարակային ներողություն խնդրել - RadioVan.fm

Онлайн

Ալեն Սիմոնյանը բուքմեյքերներից պահանջում է հրապարակային ներողություն խնդրել

2019-05-29 18:35 , Политика, 1357

Ալեն Սիմոնյանը բուքմեյքերներից պահանջում է հրապարակային ներողություն խնդրել

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը բուքմեյքերական ընկերությունների բողոքի կազմակերպիչներից պահանջում է հրապարակային ներողություն խնդրել՝ իրեն վիրավորելու և զրպարտելու համար։

«Այսօր ԱԺ-ի դիմաց իմ հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելու և ինձ սպառնալու համար, ԶԼՄ-ների առջև մանիպուլյացիա անելու, Բաղրամյան պողոտան արգելափակելու և մեր քաղաքացիներին անհանգստություն պատճառելու, մեր ոստիկանների նկատմամբ ոչ պատշաճ վարքի և ամենակարևորը՝ տասնյակ մարդկանց մոտ իմ խոսքերը խեղաթյուրելով, իմ մասին սուտ տեղեկություններ տարածելով՝ մոլորությամբ իմ դեմ տրամադրելու համար «Գուդվին» ընկերության ներկայացուցիչները , որպես կազմակերպիչներ պարտավոր են հրապարակավ ներողություն խնդրել»,-գրել է Ալեն Սիմոնյանը՝ ֆեյսբուքյան իր էջում։

Հիշեցնենք՝ այսօր բուքմեյքերական գրասենյակի ներկայացուցիչները մոտ 2 ժամ փակել էին Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկի երթևեկելի հատվածը՝ բողոքելով «Վիճակախաղերի մասին» օրենքում սպասվող փոփոխությունների դեմ, ըստ որոնց՝ 2020 թվականից բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը կդադարեցվի, կթույլատրվի միայն Ծաղկաձոր, Ջերմուկ, Սևան և Մեղրի քաղաքներում: Օրինագծի ընդունումից հետո կհանվեն նաև գազալցակայաններում և այլ տեղերում տեղադրված խաղային ապարատները։

Հավաքվածները պահանջում էին օրինագծի համահեղինակ Ալեն Սիմոնյանից արգելել նաև առցանց տիրույթում խաղեր կազմակերպող ընկերությունների գործունեությունը, որոնք, ըստ մասնակիցների, արտոնյալ դիրքում են ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հովանավորչությամբ։

«Թող բոլորը փակի Ալեն Սիմոնյանը, կամ էլ ինքը «սիկտիր» լինի Աշոտյանի նման»,-«Ռադիո Վան»-ի հետ զրույցում ընդգծել էր ակցիայի մասնակից Աննա Սարգսյանը, որի 25-ամյա որդին խաղալով առցանց տիրույթում՝ տանուլ է տվել հազարավոր դրամներ, արդյունքում նրանց բնակարանը գրավադրվել է։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть