Онлайн

Կադաստրի փաստաթղթերում կնիքի առկայության պահանջը կվերանա

2019-05-30 16:33 , Общество, 126

Կադաստրի փաստաթղթերում կնիքի առկայության պահանջը կվերանա

ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեն քայլեր է ձեռնարկել ՀՀ կառավարության 2018-2022 թթ. ծրագրի դրույթներից ինտեգրված (միասնական) կադաստրի ստեղծման, առցանց, ինքնաշխատ, անթուղթ անշարժ գույքի կադաստրի ստեղծման և որպես դրա բաղադրիչ՝ կնիքի պահանջի վերացման ուղղությամբ:

Այդ նպատակով կառավարությունն այսօրվա նիստում հավանության է արժանացրել համապատասխան օրենսդրական փոփոխությունների և լրացումների փաթեթը, որը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողովի հաստատմանը։

«Կնիքի պահանջի վերացումը շոշափելիորեն կփոխի Կադաստրի հետ գործ ունեցող քաղաքացու կյանքի որակը»,- հարցը զեկուցելիս ասել է Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը: Ըստ նրա՝ փաթեթի առաջարկների երկրորդ արդյունքը սեփականության նոր նմուշի վկայականներն են, որոնք թվային տարբերակով մատչելի կլինեն նաև առցանց։ Երրորդ առաջարկով Անշարժ գույքի կադաստրի կոմիտեն վերանվանվում է պարզապես Կադաստրի կոմիտե։

«Ներկայումս օրենսդրությամբ հնարավորություն է տրված, որ անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման, ինչպես նաև տեղեկատվության տրամադրման դիմումներ կարող են ներկայացվել էլեկտրոնային եղանակով, առանց սպասարկման գրասենյակ անձամբ այցելելու, որի դեպքում մինչև դիմում ներկայացնելը դիմողները պետք է գրանցվեն կոմիտեի պաշտոնական կայքէջում (www.e-cadastre.am): Պատասխանը դիմողը կարող է դիտել կոմիտեի պաշտոնական կայքէջում, ներբեռնել այն, իսկ որպես պաշտոնական փաստաթուղթ պատասխանը կոմիտեի համապատասխան կնիքով հաստատված ձևով պետք է ստանա սպասարկման գրասենյակ այցելելու միջոցով:

Նշված քայլերը ոչ միայն բարդացնում, այլև երկարացնում են ավարտական փաստաթուղթ ստանալու գործընթացը և՛ ժամանակի առումով, և՛ քայլերի առումով, իսկ նշված հանգամանքն էլիր հերթին բացասական է ազդում «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցի շրջանակներում Հայաստանի դիրքի բարելավման վրա»,-իրավական ակտի ընդունման անհրաժեշտության մասին են նշում նախագծի հեղինակները։

«Կնիքի պահանջի վերացմամբ էականորեն կպարզեցվեն դիմողների համար տեղեկատվության ձեռքբերման ընթացակարգերը, հնարավորություն կտրվի առանց կադաստր վարող մարմին անձամբ այցելելու ներկայացնել իրավունքների պետական գրանցման, կամ տեղեկատվության ստացման դիմում և առցանց ստանալ ավարտական փաստաթղթեր, որոնք առանց կնիքի առկայության կունենան նույն իրավական ուժը: Կկրճատվեն տեղեկատվության տրամադրման ժամկետները, կավելանա տրամադրվող տեղեկատվության քանակը, կնվազեցվեն կոռուպցիոն ռիսկերը:

Նախագծում առաջարկվում է նաև հանել իրավունքի գրանցման վկայականի կրկնօրինակի տրամադրման համար սահմանված վճարը, ինչպես նաև տրվում են մի շարք տեխնիկական բնույթի խնդիրներ առաջացնող հարցերի լուծումներ»,-նախագծով ակնկալվում է այս արդյունքը:

Лента

Рекомендуем посмотреть