Այս տարի Հայաստանն իրավունք է ստացել մասնակցելու Պրահայում կայանալիք «Քվադրինալե» արվեստի միջազգային փառատոնին - RadioVan.fm

Онлайн

Այս տարի Հայաստանն իրավունք է ստացել մասնակցելու Պրահայում կայանալիք «Քվադրինալե» արվեստի միջազգային փառատոնին

2019-05-31 14:47 , Культура, Шоу бизнес, 1127

Այս տարի Հայաստանն իրավունք է ստացել մասնակցելու Պրահայում կայանալիք «Քվադրինալե» արվեստի միջազգային փառատոնին

Հունիսին կայանալու է Պրահայի «Քվադրինալե» արվեստի միջազգային փառատոնը: Այս տարի Հայաստանն իրավունք է ստացել մասնակցելու Պրահայի Քվադրինալեին, որը տրամադրվել է «Էյվա» արվեստների հիմնադրամին և ներկայացվելու է միջազգային ճանաչում ունեցող արվեստագետ Արշակ Սարգսյանի (նկարիչ, քանդակագործ, նկարիչ-ձևավորող, ՀՀ Նախագահի մրցանակի դափնեկիր) «Ուտոպիական նորաձևություն» վերտառությամբ նախագիծը, որը 2018 թվականին հավանության է արժանացել ՀՀ մշակույթի նախարարության կողմից: Նախագծի համադրող/համակարգողներն են Լիա Մխիթարյանը, Լիլիթ Ստեփանյանը, արվեստի քննադատ` Վարդան Ջալոյան: Այս մասին հայտնում են ՀՀ մշակույթի նախարարությունից։

Սկսած 1967 թվականից իր ձևի մեջ եզակի Պրահայի Քվադրինալեն հանդիսանում է աշխարհի խոշորագույն և ամենաճանաչված արվեստի փառատոնը՝ բեմական և տարածական ձևավորման ոլորտում։ Այն կազմակերպվում է Չեխիայի մշակույթի նախարարության և Եվրոպական Միության ջանքերով, որն անցկացվում է չորս տարին մեկ անգամ: Այն համախմբում է աշխարհի շուրջ 60 երկիր, որոնցից յուրաքանչյուրը հանդես է գալիս յուրահատուկ ցուցադրություններով՝ բեմական, զգեստների, ձայնային դիզայնից մինչև լուսավորության դրսևորումներ:

Հիսուն տարվա պատմություն ունեցող այս փառատոնին Հայաստանն առաջին անգամ մասնակցել է 2011 թվականին: 2015 թվականին Հայաստանը փայլուն մասնակցություն է ունեցել Հայոց ցեղասպանության թեմայով («Կարմիր կարկուտ»), որը նույնպես իրականացվել է «Էյվա» արվեստների հիմնադրամի նախաձեռնությամբ, ինչպես նաև ՀՀ մշակույթի նախարարության և «Հայաստան» համահայկական հիմնադրամի, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների տնօրինության աջակցությամբ:

Հատկանշական և կարևոր է Հայաստանի մասնակցությունը նման համաշխարհային արվեստի հարթակներում Հայաստանի տեսանելիության և ճանաչողության բարձրացման առումով։ Այս տարի՝ 2019 թվականին, Հայաստանն արդեն 3-րդ անգամ իր մասնակցությունը կունենա Պրահայի Քվադրինալեին՝ ներկայացնելով փառատոնի կողմից արդեն իսկ հավանության արժանացած «Ուտոպիական նորաձևություն» նախագիծը՝ ի ցույց դնելով Հայաստանում ժամանակակից արվեստի կարևորությունն ու լուրջ ներուժը։ Փառատոնին մասնակցելով նման յուրօրինակ նախագծով՝ Հայաստանը մեկ անգամ ևս ճանաչելի է դառնում աշխարհին իր ժամանակակից արվեստով։ Ավելին, մասնակցելով Չեխիայի համար պետական կարևորություն ունեցող այս փառատոնին՝ Հայաստանն ամրապնդում է նաև Չեխիայի հետ իր կապերն արվեստի և մշակույթի ոլորտներում։

«Ուտոպիական նորաձևություն» նախագծի արտահայտչաձևը նորարարական է և պերֆորմատիվ՝ սինթեզելով իր մեջ տեսողական, լսողական, շոշափելի և զգայական ընկալումները։ Ինստալյացիոն տարածության մեջ վեր խոյացած ապագայի շնչող հագուստները, այլ կերպ՝ կինետիկ քանդակները, հնարավորություն են տալիս հանդիսատեսին էքսպերիմենտի ենթարկելու ինքն իրեն՝ մտովի կրելու այդ հագուստները և գործի դնելու անձնական սցենարի և ծիսակարգերի սեփական տարբերակը։

Лента

Рекомендуем посмотреть