«Արի քո երազանքի հետևից»․ պաշտոնին հրաժեշտ տվող սփյուռքի նախարարը հորդորում է սփյուռքահայ պատանիներին - RadioVan.fm

Онлайн

«Արի քո երազանքի հետևից»․ պաշտոնին հրաժեշտ տվող սփյուռքի նախարարը հորդորում է սփյուռքահայ պատանիներին

2019-05-31 15:45 , Политика, 1068

«Արի քո երազանքի հետևից»․ պաշտոնին հրաժեշտ տվող սփյուռքի նախարարը հորդորում է սփյուռքահայ պատանիներին

Կառավարության կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված՝ վերակազմակերպվող նախարարություններում սկսվել է փոփոխությունների և վերանշանակումների գործընթացը, որի շրջանակում վերակազմակերպվող նախարարություններում նախարարների տեղակալներն ազատվել են զբաղեցրած պաշտոններից: Այդ մասին հայտնում են ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նշելով, որ այս գործընթացին կհաջորդեն համապատասխան նշանակումները։

Հրաժեշտի խոսք է հղել ՀՀ սփյուռքի նախարարի պարտականությունները կատարող Բաբկեն Տեր Գրիգորյանը։

Դրանում, մասնավորապես, ասված է․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Այլևս չեմ զբաղեցնում սփյուռքի նախարարի տեղակալի պաշտոնը: Հայրենի կառավարությունում մեկամյա գործունեությունս ինձ համար մեծ պատիվ և փորձառություն էր: Անչափ պատասխանատու էր նաև մոտ 5 ամիս սփյուռքի նախարարի պարտականությունները կատարելը: Ինձ համար կարևոր է արձանագրել մեկ փաստ. կարճ ժամանակում մշակեցինք հայրենադարձության գործընթացի խթանմանը միտված «Օջախ» ծրագիրը և հայրենադարձության ռազմավարությունը, որը վստահաբար էլ ավելի կամրապնդի հայրենիք-սփյուռք հարաբերությունները:

Շնորհակալ եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին վստահության ու ինձ պատվիրակելու սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի ինստիտուտը ձևավորելու համար, շնորհակալ եմ կառավարության իմ գործընկերներին արդյունավետ համագործակցության համար: Շնորհակալ եմ նախարարության բոլոր աշխատակիցներին համատեղ աշխատանքի, ամեն օր ինձ դրական լիցքեր փոխանցելու, ջերմ ու առողջ հարաբերությունների համար:

Ես Հայաստան վերադարձա 7 տարի առաջ, երբ իմ հայրենիքը կոռուպցիայի և անարդարության մեջ էր թաղված: Հեղափոխության ու նոր, ժողովրդավար և անկախ Հայաստանի երազանքը մենք կարողացանք իրականություն դարձնել: Սա համարում եմ իմ կյանքի կարևորագույն ձեռքբերումը: Եվ ուզում եմ հեռավոր Արգենտինայում, Ավստրալիայում, Սիրայում կամ Ռուսաստանում ապրող հայ պատանուն ասել, որ եթե դու երազում ես գալ քո հայրենիք, մասնակցել նրա զարգացման գործին, զբաղեցնել բարձր պաշտոններ ու քո գիտելիքները ծառայեցնել, ապա արի քո երազանքի հետևից, ինչպես ես եկա: Թող իմ օրինակը ոգեշնչի քեզ:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ: Իմ կյանքի ցանկացած հանգրվանում շարունակելու եմ ծառայել Հայաստանի Հանրապետությանը, Արցախին ու սփյուռքին»։

Հիշեցնենք՝ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում կատարված փոփոխություններով կրճատվելու է 5 նախարարություն՝ նախկին 17-ի փոխարեն կգործի 12-ը: Օպտիմալացումների հետևանքով գործազուրկ կդառնա մոտ 10 հազար հանրային ծառայող։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ գործընթացն իրականացվելու է հավասարակշռված, հանդարտ ու էվոլուցիոն ճանապարհով։ Այսինքն՝ այդ նախարարությունների յուրաքանչյուր աշխատող իր շանսն է ստանալու՝ սեփական աշխատանքի որակը, սեփական վարչության, բաժնի աշխատանքի որակը վերանայելու համատեքստում։

Կառավարության կառուցվածքում կընդգրկվեն հետևյալ վերակազմակերպված և անվանափոխված նախարարությունները․

1)աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը,

2) առողջապահության նախարարությունը,

3) արդարադատության նախարարությունը,

4) արտակարգ իրավիճակների նախարարությունը,

5) արտաքին գործերի նախարարությունը,

6) կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը,

7) շրջակա միջավայրի նախարարությունը,

8) պաշտպանության նախարարությունը,

9) տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը,

10) բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունը,

11) էկոնոմիկայի նախարարությունը,

12) ֆինանսների նախարարությունը:

Նախագծի համաձայն՝ Ափյուռքի նախարարությունը վերակազմակերպվելու և միանալու է վարչապետի աշխատակազմին՝ ստեղծելով Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ:

Лента

Рекомендуем посмотреть