«Ձեզնից ոչ մեկի ուսերին գլուխ չի լինի»․ Էրդողանի խորհրդականը` Ստամբուլը Կոստանդնուպոլիս վերանվանելու կոչ անողներին - RadioVan.fm

Онлайн

«Ձեզնից ոչ մեկի ուսերին գլուխ չի լինի»․ Էրդողանի խորհրդականը` Ստամբուլը Կոստանդնուպոլիս վերանվանելու կոչ անողներին

2019-06-07 17:05 , Мир, 1399

«Ձեզնից ոչ մեկի ուսերին գլուխ չի լինի»․ Էրդողանի խորհրդականը` Ստամբուլը Կոստանդնուպոլիս վերանվանելու կոչ անողներին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր խորհրդական Յալչըն Թոփչուն արձագանքել է Ամերիկայի հայ դատի հանձնախմբի (ANCA)` Ստամբուլը Կոստանդնուպոլիս վերանվանելու վերաբերյալ թվիթերյան կոչին։

ANCA-ն, նշենք, հունիսի 5-ին իր էջում հրապարակել էր Հայաստանի և Հունաստանի պետական դրոշների ներքո Այա Սոֆա տաճարի (Սուրբ Սոֆիայի) լուսանկարը՝ «Ստամբուլը կրկին դարձնենք Կ. Պոլիս» հեշթեգով։

Ի պատասխան այդ գրառմանը Թոփչուն թվիթերյան իր էջում գրել է.

«Անհնար է, որ դուք դա իրականացնեք։ Ասենք թե՝ արեցիք, միևնույն է, դուք երբեք դա չեք կարող տեսնել, որովհետև ձեզնից ոչ մեկի ուսերին գլուխ չի լինի»։

Թոփչուի այս գրառման ներքո Ամերիկայի հայ դատի հանձնախումբը նշել է․ «Սուլթան Աբդուլ Համիդը (հայտնի է նաև «Կարմիր սուլթան» մականունով-խմբ․) Թուրքիայում հայկական տեղանունների թուրքացումը սկսել է դեռ 1880-ական թթ․, բայց քրիստոնեական աշխարհագրական հիշողության զանգվածային ոչնչացումը սկսվեց Էնվեր փաշայի՝ մարզերը, շրջանները, քաղաքները, գյուղերը, լեռները և նույնիսկ գետերը անվանափոխելու վերաբերյալ հրամանագրից հետո»։

1916թ. հունվարի 5-ին երիտթուրքերի կառավարության ռազմական նախարար Էնվեր փաշան կարևորելով Օսմանյան կայսրությունում «ոչ մահմեդական» տեղանունները վերափոխելու գործը՝ հրամանագիր է ստորագրում, ըստ որի հայտարարվում է, որ անհրաժեշտ է «Օսմանյան երկրում հայկական, հունական, բուլղարական և այլ ոչ մահմեդական ժողովուրդներին պատկանող նահանգի, գավառի, գյուղաքաղաքի, գյուղի, սարի, գետի… և այլ բոլոր անունները վերածել թուրքերենի»։ Միաժամանակ, հրահանգվում է որպես նոր անվանումներ ընտրել այնպիսինները, որոնք կարտահայտեն «աշխատասիրությամբ մշտապես ընդօրինակելի և չափանիշ հանդիսացող ու գովեստներով փառաբանված թուրք զինվորականության պատմությունը՝ հիշելով ինչպես ներկա, այնպես էլ անցյալ պատերազմական իրավիճակներում հայտնված և, ըստ այդմ, հատուկ փառաբանված դրվագները: Եթե դա հնարավոր չէ, ապա պետք է հիշատակվեն ամենաբարձր բարոյականության տեր և իրենց երկրին անգնահատելի ծառայություններ մատուցելիս զոհված անձնավորությունները: Կամ էլ պետք է գտնվեն այնպիսի անուններ, որոնք բնորոշ են տվյալ տեղանքի բերքին, արտադրանքին, առևտրին կամ աշխարհագրությանը»:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть