Ականջապուր, կորեկաձավարով տոլմա, քաղցրավենիք բողկով. Երևանում կկայանա «ՈՒՏԵՍՏ ֆեստ» փառատոնը - RadioVan.fm

Онлайн

Ականջապուր, կորեկաձավարով տոլմա, քաղցրավենիք բողկով. Երևանում կկայանա «ՈՒՏԵՍՏ ֆեստ» փառատոնը

2019-06-12 21:18 , Культура, Шоу бизнес, 1662

Ականջապուր, կորեկաձավարով տոլմա, քաղցրավենիք բողկով. Երևանում կկայանա «ՈՒՏԵՍՏ ֆեստ» փառատոնը

Երևանում հունիսի 15-ին համեղ ուտեստների տոն է. «ՈՒՏԵՍՏ ֆեստ» խորագրով փառատոնին հայկական խոհանոցը կներկայացվի ազգային երգ ու պարով: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ի փոխնախագահ Ռուզաննա Նահապետյանը նշեց, որ հայկական խոհանոցին առնչվող փառատոններ բազմիցս անցկացվել են, մասնավորապես, «Համով հոտով Երևան»-ը, «Հացը լեռներում» տոնածիսական կերակրատեսակների ցուցահանդես-փառատոնը: Այժմ հայկական խոհանոցը ներկայացվում է նոր՝ «ՈՒՏԵՍՏ ֆեստ» փառատոնի շրջանակում:

«Սուրբ Զատիկը, Սուրբ Սարգիսը, Ծաղկազարդը, Վարդավառը, այս և մյուս տոներին ավանդաբար մատուցվող ուտեստները կներկայացվեն այցելուներին: Հետաքրքրիր, դեռևս շատ ճանաչում չունեցող ուտեստներ են ցուցադրվելու: Դրանցից կառանձնացնեի ականջապուրը, որը պատրաստվում է խմորով և մսով, բողկով քաղցրավենիքը, որը ներառում է մեղր, պոպոկ, դարչին, ինչպես նաև կորեկաձավարով տոլման: Ճաշատեսակների ցանկում նորությունները շատ են»,-ասաց Ռուզաննա Նահապետյանը:

Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը նշեց, որ փառատոնի կարևոր բաղադրիչն է համերգային ծրագիրը: Ներկայացվելու են ազգային երգն ու պարը՝ ապահովելով տոնական, ուրախ մթնոլորտ:

«Ամռան այս օրերին այն կդիտվի յուրօրինակ հարթակ, որտեղ այցելուները կարող են համտեսել համեղ ազգային ուտեստներ, վայելել համերգային ծրագիրը, լավ ժամանակ անցկացնել: Իհարկե, հիմնական այցելուները տեղացիներ են, սակայն ոչ պակաս թիվ են կազմում զբոսաշրջիկները: Տուրիստական ընկերությունների հետ համապատասխան աշխատանք տարվում է», - ասաց Գևորգ Օրբելյանը:

Փառատոնին կլինի «Ամենագեղեցիկ ձևավորված տաղավար», «Ամենահամեղ տաղավար», «Ամենահյուրընկալ տաղավար» անվանակարգերով մրցույթ, ինչպես նաև կանցկացվի «Ուտեստ 2019» գլխավոր մրցույթը: Փառատոնի մեկնարկը կտրվի հունիսի 15-ին ժամը 17:00-ին, կտևի մինչև 21:00-ն: Անցկացման վայրը Երևանի մետրոյի «Հանրապետության Հրապարակ» կայարանի հարևանությամբ գտնվող այգին է:

Այս փառատոնով տրվում է ամռանը մայրաքաղաքում սպասվող միջոցառումների մեկնարկը: Ամռանը կանցկացվի «Երևան Տարազ ֆեստ»-ը, Գարեջրի փառատոնը, կլինեն համերգային ծրագրեր, սպոտային խաղեր:

Лента

Рекомендуем посмотреть